Հուլիսի 18-ին եղանք հայ-ադրբեջանական սահմանային Բերդ խոշորացված համայնքի 7 գյուղերում: Հուլիսի 12-ից սկիզբ առած ռազմական էսկալացիայի 4 օրերի ընթացքում շրջանի 15 գյուղերի՝ սահմանին առավել մոտ գտնվող մի շարք համայնքներ ենթարկվել են 90-ականների պատերազմից ի վեր աննախադեպ հրետակոծության: Ընդ որում, եթե սահմանին առավել մոտ տեղակայված գյուղերը` Չինարին, Մովսեսը, Այգեպարն ու Ներքին Կարմիրաղբյուրը տարբեր տրամաչափերի զենքերով հրետակոծությունների թիրախում են հայտնվել հենց սահմանից, ապա տարածաշրջանի մյուս գյուղերը, ներառյալ նաեւ Բերդ քաղաքային համայնքը, Ադրբեջանի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերից են տուժել:
Մեզ հանդիպած մարդկանց մեծ մասը պարբերաբար դեպի երկինք էր նայում` զգուշանալով հնարավոր նոր ԱԹՍ-ի «ժամանումից»: Իրենց պատմելով՝ սա այս օրերին սովորական է դարձել: Ու չնայած բերդեցիների համար ադրբեջանական կրակի տակ հայտնվելը վերջին 3 տասնամյակի ընթացքում կյանքի բնականոն ընթացքի մաս է, սակայն մեզ հանդիպած բոլոր բնակիչներն առանց բացառության ասում էին, որ այս հարձակումը 1994-ից ի վեր ամենից մասշտաբայինն է:
Չինարին, որ իր դիրքի պատճառով ադրբեջանական այս հրետակոծությունից առավել տուժած գյուղերից է, շարունակում է ապրել իր բնականոն ընթացքով։ Գյուղացիների անթաքույց զայրույթը, սակայն, կարելի է տեսնել անգամ կարճ շփման ընթացքում: «Էս տունը պապս ա սարքել, 92-ին թուրքն ավերել ա, հետո հերս ա սարքել, 2013-ին ադրբեջանցին ավերել ա, հիմա ես եմ սարքում ու էլի ավերում են, տղիս սարքելուն չեմ ուզում թողնել, սրանց պետք ա քշել ստեղից` այլ տարբերակ չկա»,- ասում է չինարեցի Խորենը: Ի դեպ՝ դիրքը, որի ուղղությամբ ապրիլի 12-ին շարժվել է ադրբեջանցիների «ՈՒԱԶ»-ը, Չինարիից մի քանի հարյուր մետրի վրա է:
Այգեպարում մարդիկ գյուղի միայն մի հատվածում են հավաքվում: Գյուղը ուղիղ գծով ադրբեջանական նշանակակետերից ընդամենը 100 մետր հեռավորության վրա է, իսկ ադրբեջանական Ալիբեյլի գյուղը առավելություն ունեցող դիրքում է: ԽՍՀՄ շրջանում կառուցված գինու գործարանն արդեն 2 տարի է՝ չի գործում, այսուհանդերձ գործարանի տարածքը եւս հրետակոծությունների տակ է հայտնվել: Հրետակոծվել է նաեւ գյուղի նոր վերանորոգված մանկապարտեզը, որը փակ էր մեր այցելություն ժամանակ:
Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես գյուղեր տանող ճանապարհները, որոնք խորհրդային տարիներից ասֆալտի երես չէին տեսել, իսկ վերջին ամիսների ընթացքում շրջկենտրոնի հետ կապող եվրոպական որակի հաղորդակցության հնարավորություն են ստացել, մարդաշատ չեն: Սրանք եւս այս օրերին թեժ կրակի տակ հայտնված սահմանապահ գյուղերից են, որտեղ մարդիկ փողոց են դուրս գալիս բացառապես անհրաժեշտության դեպքում: Այս գյուղերի` հատկապես մանկահասակ երեխաների ու պատանիների համար, ադրբեջանական հարձակման մասշտաբները շոկային են եղել: Նրանցից շատերի համար այս ամառն արդեն իսկ սահմանափակվել էր կորոնավիրուսի ռեժիմով, այժմ գումարվում է նաև պարբերաբար թաքստոցներում պատսպարվելը, կամ` միառժամանակ գյուղից հեռանալը:
Հայ-ադրբեջանական այս էսկալացիան 2018-ի հեղափոխությունից հետո առաջինն է, իսկ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանում ամենամեծը պատերազմից հետո: Իրավիճակը վաղ թե ուշ հանդարտվելու է, պատճառված նյութական վնասը` վերականգնվելու: Ինչպես չինարեցիներն էին ասում, իրենց որեւէ օգնություն պետք չէ, միայն թե կրակը դադարի: Մի բան, սակայն, պետք է լրջորեն հաշվի առնել. շրջանի բնակիչների եւ մասնավորապես երեխաների հոգեբանական վիճակին պետք է մասնագիտական հարթության վրա անդրադառնալ, ցանկալի է` պետական հոգածությամբ: