Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 28-29-ին Թբիլիսի կատարելիք այցի ընթացքում ինչ էլ ասի, նա չի ներկայացնում Եվրամիությունը, իսպանական ռադիոյի հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Օրբանն այսօր մեկնում է Վրաստան […], անկասկած, ցույց տալու իր աջակցությունը Վրաստանի կառավարությանը։ Ինչ էլ ասի Օրբանը Վրաստան այցի ժամանակ, նա չի ներկայացնում Եվրամիությունը»,- ասել է Բորելը։
Նույնն է ասել նաև Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Վրաստան։ Օրբանը շնորհավորել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մինչ պաշտոնական տվյալների հրապարակումը:
Այսպիսով, վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, հրաժարվում են խորհրդարանական մանդատներից:
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 50 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ:
- «Վրացական երազանք»՝ 53 931 տոկոս,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս,
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս,
- «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:
Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել հանրությանը հոկտեմբերի 28-ին հավաքվել խորհրդարանի մոտ՝ աշխարհին ցույց տալու համար, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։