Օփրեթ, Աղքյորփի, Չանախչի գյուղերում ակտիվ աշխատանքներ են ընթանում

Մառնեուլիի շրջանի Օփրեթ գյուղում ասֆալտապատվել են ներքին ճանապարհները։ Այս մասին «Ալիք Մեդիային» հաղորդում է Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը:

Պատգամավորի խոսքով, ասֆալտապատվել է 835 մետր ճանապարհ, որի համար ծախսվել է 350 հազար լարի (մոտ 117 հազար ԱՄՆ դոլար)։

Չանախչի գյուղում կասեցվել է ներքին ճանապարհների ասֆալտապատման ծրագիրը և մինչ ճանապարհի համար նոր ծրագիրը, կլուծվի խմելու ջրի խնդիրը, որը ևս Չանախչի գյուղում երկար տարիներ ծառացած խնդիրներից է:

«100 տոննա ծավալով ջրավազան է կառուցվելու, որտեղ 140 մետր խորությունից ջուրը կհանվի, կհավաքվի և մոտ 100 ընտանիքի կապահովի խմելու մշտական ջրով»,- ընդգծում է պատգամավորը՝ նշելով, որ ջրամատակարարման նախագծի արժեքը կկազմի 700 հազար լարի (մոտ 234 հազար ԱՄՆ դոլար)։

Հարցին, թե ինչու՞ է կասեցվել ճանապարհների ասֆալտապատման ծրագիրը, Արսեն Հախվերդյանը պարզաբանում է, որ հետագայում ջրի խողովակաշարի անցկացմամբ պայմանավորված՝ ճանապարհը նորից վնասվելու էր, այդ իսկ պատճառով նախ ջրի հարցը կլուծվի, ապա՝ ճանապարհի, «ի վերջո խմելու ջուրն այս պահին ավելի առաջնային է», ասում է պատգամավորը։

Հախվերդյանը նաև հավելում է, որ այս պահին արդեն Աղքյորփի գյուղում կառուցվում է գյուղի մուտքն ապահովող կամուրջը, սակայն իրականցվելու է նաև 1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե ճանապարհի կառուցում.

 

«Կամրջի կառուցումը ֆինանսավորվում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի կողմից, քանի որ պատկանում է գլխավոր ճանապարհին։ Արժեքը մոտավորապես 500 հազար լարի է (մոտ 167 հազար ԱՄՆ դոլար)»:

 

Պատգամավորը նշում է, որ ոչ թե վերակառուցվելու է Աղքյորփի գյուղ մտնող կամուրջը, որը 12-13-րդ դարերի շինություն է և պատմամշակութային կոթող, այլ նրանից 4 մետր հեռավորության վրա լրիվությամբ նոր կամուրջ է կառուցվելու։

Նաև հավելում է, որ մինչև այս տարվա դեկտեմբերի վերջն ամբողջությամբ ասֆալտապատված կլինի Ծոփ գյուղից մինչև Չանախչի գյուղ տանող ճանապարհը։ 

Իսկ Չանախչիից Աղքյորփի ճանապարհը, որի նախագիծը հաստատված է, սակայն դեռ ընկերություններից ոչ մեկ չի շահել ծրագրի իրականացման նախագիծը, ամենայան հավանականությամբ, կսկսվի մյուս տարվա մարտից՝ պայմանավորված գյուղերի ռելիեֆով։