Օնիի քաղաքապետարանը ձնամաքրման համար բուլդոզեր է գնել

Վրաստանի Օնիի քաղաքապետարանը մունիցիպալիտետում տեղացած առատ ձյունից ճանապարհները մաքրելու համար բուլդոզեր է գնել: Գնումների գործակալությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ողջ հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով հնարավոր չէ «սարքավորումների վարձակալություն»։

«Փետրվարի 23-ից տեղացող առատ տեղումների պատճառով (առատ ձյան տեղումներ, ձնահյուսեր) փակվել են գյուղ մտնող ճանապարհները, խաթարվել է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։ Մունիցիպալիտետի գյուղերը կտրվել են շրջկենտրոններից: Այս ճանապարհների շահագործումը կենսական նշանակություն ունի բժշկական տեսակետից, որոշ գյուղերում կան մահացածներ, և ճանապարհները մաքրման կարիք ունեն, ինչի համար մեզ անհրաժեշտ է առնվազն մեկ բուլդոզեր», — Գնումների գործակալությանը գրել են Օնիի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանը ընտրել է 85 հազար 500 լարի արժողության տեխնիկա։

Այս փուլում, ըստ քաղաքապետարանի, առկա է յոթ միավոր ծանր տեխնիկա, որոնք աշխատում են ճանապարհների մաքրման ուղղությամբ, դրանցից երեքը քաղաքապետարանի սեփականությունն են։

Արևմտյան Վրաստանում ձյան առատ տեղումներ են արդեն մեկ շաբաթ։ Այս ընթացքում իրավիճակն օրեցօր վատթարանում է. տեղեկություններ են ստացվում զոհերի մասին, բազմաթիվ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից, ավերվել ու վնասվել են շենքեր, անջատվել են էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, սպառվել է բնակչության մի մասի սննդի մատակարարումը։

Վրաստանում վերջին օրերի առատ ձյան պատճառով ստեղծված բարդ իրավիճակի, մարդկային զոհերի, ենթակառուցվածքային խափանումների ֆոնին ավելի ակնհայտ է դառնում «Վրացական երազանք»-ի սխալ քաղաքականությունը:

Վրաստանյան iFact հետաքննող լրագրողների միությունը համեմատություն է արել ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կատարած ծախսերի մասին: iFact-ի տեղեկության համաձայն, ցույցերը բռնի կերպով ցրելու համար նախատեսված ջրցան մեքենաների արժեքը կազմում է 160 հազարից մինչև 190 հազար դոլար, իսկ ահա ձնամաքրման տեխնիկայի գնումը՝ 75 հազարից 90 հազար դոլար:

Ջրցան մեքենաների վրա ավելի շատ են ծախսել, քան ձնամաքրման տեխնիկայի