«Այն պահից, երբ հասկացանք, որ փառատոնին 14 երկրի ներկայացուցիչ է մասնակցում, դադարեցինք հաշվել մասնակիցների քանակը»,- թվով 5-րդ One Caucasus փառատոնն ամփոփելիս ոգևորված ասում է կազմակերպիչ Վիտեկ Հեբանովսկին:
Մշակույթներ միավորող փառատոնն այս տարի անցկացվեց Բոլնիսիի շրջանի Փոլադաուրի գյուղում: Հեբանովսկին ասում է՝ փառատոնի ընթացքը դրականապես է ազդում նաև տեղի բնակչության վրա, նրանք առավելագույնս ներգրավված են լինում գործընթացին, իսկ փառատոնից հետո նրանց հիշատակ են մնում դրա շրջանակներում կառուցված, օրինակ, բեմը, կամ կինոթատրոնը, որից կարող են օգտվել ցանկացած ժամանակ:
«Թեև մենք մեզ չենք համարում խաղաղասիրական փառատոն, բայց մեզ մոտ հաջողվում է ստեղծել միջավայր, որտեղ հակամարտության երկրներն առաջին իսկ օրվանից աշխատում են միասին և ամենակարևորը՝ ոչ-ոք չի պարտադրում նրանց դա անել»,- ասում է Հեբանովսկին:
Վրաններ, խարույկ, անկաշկանդ ու ջերմ մթնոլորտ, բարձր երաժշտություն, անքուն գիշերներ, և ամենակարևորը՝ միավորող միջավայր, որտեղ մտերիմ հարաբերություններ ունեն անգամ հակամարտության մասնակից երկրների ներկայացուցիչները: Այստեղ չեն խոսում քաղաքականությունից, խնդիրներից, այստեղ ձուլվում են ու ընտանիք դառնում:
2 օրվա ընթացքում մասնակիցներին համերգներով ներկայացան հետևյալ խմբերը՝
- DIHAJ (ԱԴՐԲԵՋԱՆ)
- TMBATA (ՀԱՅԱՍՏԱՆ)
- PAKO SARR AND FRIENDS (ՍԵՆԵԳԱԼ)
- NATRAL BORN LOVERS (ՎՐԱՍՏԱՆ, ԱՄՆ) + FEAT. POZNA HORNS (ԼԵՀԱՍՏԱՆ)
- H3COLLECTIV (ԱԴՐԲԵՋԱՆ) FEAT. ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԵՐ ԼԵՀԱՍՏԱՆԻՑ
- NARTI (ՎՐԱՍՏԱՆ)
- NEMRA (ՀԱՅԱՍՏԱՆ)
- PIOTR MEŁECH (ԼԵՀԱՍՏԱՆ)
- JAKUB KRÓLIKOWSKI (ԼԵՀԱՍՏԱՆ)
- RED CARPET (ՎՐԱՍՏԱՆ)
- NUM+ NICK FEST (ԻՐԱՆ, ՎՐԱՍՏԱՆ)