Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի պիկն անցել է, և գնում ենք դեպի նվազման փուլ։ Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօր՝ փետրվարի 22-ին կայացած նիստից հետո ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Գաբունիայի խոսքով, ակնկալվում է իրավիճակի հետագա կայունացում և, համապատասխանաբար, ծրագրվելու է հիվանդանոցային հատվածի դեմոբիլիզացիայի գործընթացը։
Ըստ փոխնախարարի՝ երկրում գրանցված դրականության տեմպերը նույնպես նվազում են, ինչը հուսադրող նշան է։
Միաժամանակ, Գաբունիան նշել է, որ այսօր առանձնահատուկ նշանակություն ունի պատվաստումների ծրագրի խրախուսումը։
«Պատվաստումների ծրագիրը շարունակվում է համեմատաբար դանդաղ տեմպերով, սակայն երեկ պատվաստումների ցուցանիշը փոքր-ինչ բարձր էր, առաջնային են մնում խթանիչ՝ «booster» դոզաները»,- ասել է Գաբունիան։
Նշենք, որ այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 12 101 դեպք: