Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի երկրորդ՝ BA.2 տարբերակն ավելի վտանգավոր է առողջության համար, քան նախորդը՝ BA.1-ը: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։
«Օմիկրոնի ամենավերջին տարբերակը՝ BA.2-ը, 1,5 անգամ ավելի վարակիչ է և արագ է տարածվում, քան «օմիկրոնի» առաջին ենթատեսակը՝ BA.1-ը: Դա առաջացնում է հիվանդության համեմատաբար ծանր ընթացք՝ շատ հաճախ հանգեցնելով թոքաբորբի»,- պարզաբանել է Ցերցվաձեն։
Ցերցվաձեի խոսքով՝ Վրաստանում դեպքերի մեծ մասը պայմանավորված է BA.2 ենթատեսակով, որն էլ մահացության բարձր տեմպի պատճառներից մեկն է։
Մյուս պատճառը, ըստ վարակաբանի, երկրում պատվաստված քաղաքացիների ոչ բավարար թիվն է, հատկապես քիչ են երրորդ՝ խթանիչ դոզայով պատվաստվածները։
Վրաստանում մահացության բարձր մակարդակը, ենթադրաբար, պայմանավորված է «օմիկրոնի» հիշյալ ենթատեսակով առաջացած բարդություններով։ Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 32 մարդ, իսկ համաճարակի սկզբից՝ 15 888 մարդ։
Մասնագետները նկատել են, որ «օմիկրոն» շտամը համեմատաբար մեղմ է, սակայն ճապոնական նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ BA.2 ենթատեսակն առաջացնում է թոքաբորբ և վնասում է վերին և ստորին շնչուղիները:
Նշենք, որ վերջին տվյալներով՝ Վրաստանում 1 մլն 240 հազար 595 մարդ լիովին պատվաստված է, ինչը կազմում է չափահաս բնակչության 43 տոկոսը, մինչդեռ միայն 207 հազար 533-ն է ստացել խթանող դոզան։