Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին դիմել է արտերկրում բնակվող Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մասնակցել առաջիկա ընտրություններին: Օմբուդսմենի գրասենյակից նշել են՝ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ իր իրավունքը ոտնահարվում է, ցանկացած պահի կարող է դիմել օմբուդսմենի գրասենյակին։
«Օմբուդմսենի գրասենյակը կուսումնասիրի յուրաքանչյուր նման դեպք և կիրականացնի օրենքով սահմանված արձագանքման միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օմբուդսմենի գրասենյակը տեղեկություն ունի, որ արտերկրում բնակվող Վրաստանի որոշ քաղաքացիներ չեն կարողացել ընդգրկվել ընտրացուցակներում: Օմբուդսմենն ասել է՝ ընտրություններին մասնակցելը արտերկրում ապրող Վրաստանի քաղաքացիների հիմնարար իրավունքն է:
2024 թվականի խորհրդարանական ընտրությունների համար արտերկրում լրացուցիչ ընտրատեղամասեր չեն բացվի, բացառությամբ այն քաղաքների, որտեղ կան դիվանագիտական ներկայացուցչություններ և որտեղ գրանցված է առնվազն 50 մարդ. այդպիսի ընդամենը 60 ընտրատեղամաս կա։
«Ամոթ, օրենքի անտեսում»,- այսպես է գնահատել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԿԸՀ-ի՝ ընտրությունների համար ընդամենը 60 տեղամաս բացելու որոշումը։
ԿԸՀ-ի սեպտեմբերի 26-ի որոշման համաձայն՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար արտասահմանում կբացվեն 60 ընտրատեղամասեր՝ 42 երկրի 53 քաղաքներում։