
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի կարծիքով՝ անձնական տվյալների հասանելիության մասով «գործակալների օրենքի» հիման վրա Արդարադատության նախարարի հրամանը պետության կողմից կամայականության բարձր ռիսկ է ստեղծում։
Հանրային պաշտպանի գնահատմամբ` անձնական տվյալների հրապարակումն անհիմն է և վնասակար, ունի չափազանց պարտավորեցնող, թուլացնող և խարանող ազդեցություն այն կազմակերպություններում զբաղված անձանց գործունեության վրա, որոնք պարտավորվել են գրանցվել «օտարերկրյա պետության շահերը կրող կազմակերպությունների» ռեեստրում:
Օմբուդսմենը դիմել է Արդարադատության նախարարին առաջարկով՝ փոփոխություններ կատարել կարգում, ըստ որոնց` հասարակական կազմակերպություններում և լրատվամիջոցներում աշխատողների անձնական տվյալները հրապարակման ենթակա չլինեն։
Ի դեպ, «գործակալների օրենք»-ի համաձայն՝ օտարերկրյա դոնորներից իրենց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստացող կազմակերպությունները մինչև սեպտեմբերի 2-ը պետք է ինքնակամ գրանցվեին «օտարերկրյա պետության շահերը կրող կազմակերպությունների ռեեստրում»։