
Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ապրիլի 7-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց եվրոպամետ ցույցի ժամանակ ձերբակալված երեք անձանց։ Նրանցից երկուսը պատմել են անհամաչափ ուժի, վիրավորանքների և վատ վերաբերմունքի մասին։
«Հանրային պաշտպանի գրասենյակը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ հետագա դատավարական գործողությունների համար: Իրավունքների այլ խախտումների մասով գրասենյակը կձեռնարկի համապատասխան դատական գործողություններ»,- ասված է օմբուդսմենի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ապրիլի 7-ի երեկոյան՝ անդադար բողոքի ակցիայի 131-րդ օրը, Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ կրկին բերման են ենթարկվել ցուցարարներ։
Արդեն չորս ամսից ավելի է՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ից, Վրաստանում նոր ընտրությունների պահանջով եվրոպամետ հանրահավաքներ են անցկացվում։ Ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և Վրաստանի հինգերորդ նախագահը չեն ճանաչում գործող խորհրդարանի, կառավարության և նախագահի լեգիտիմությունը։