
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Թբիլիսիի վերջին իրադարձությունների հետ կապված հայտարարություն է տարածել: Ինչպես ասվում է հայտարարությունում՝ Օբուդսմենն ու նրա ներկայացուցիչներն ամբողջ գիշեր հետևել են Ռուսթավելիի պողոտայի իրադարձություններին, գրասենյակի աշխատակիցները այցելել են ոստիկանական բաժանմունքներ, հանդիպել բերման ենթարկվածներին: Նրանց մի մասը խոսել է իրավապահների կողմից հնարավոր ավելորդ գործողությունների մասին:
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ակտիվորեն ուսումնասիրում է յուրաքանչյուր միջադեպի ընթացքը, աշխատում է բերման ենթարկված և կորած անձանց գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ: Նրանք միաժամանակ պետք է հետևեն նաև դատական գործընթացներին և այցելեն տուժածներին», — ասված է հայտարարությունում:
Գրասենյակը նաև թեժ գծի համարն է հրապարակել՝ 1481 և կոչ արել մարդու իրավունքների հնարավոր խախտումների դեպքում կապ հաստատել գրասենյակի աշխատակիցների հետ: