Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը նշել է, որ ակտիվորեն հետևում է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի իրավունքների պաշտպանությանը և նրան ցուցաբերվող բժշկական օգնության արդյունավետությանը։
Գրասենյակի տվյալներով, այս շաբաթ Ամաղլոբելիի վրա լրացուցիչ թեստեր են անցկացվել, որոնց արդյունքներն արդեն պահանջվել են։ Նշում են՝ բժշկական նյութերը կրկին կուսումնասիրվեն և կգնահատվեն հաստատությունում աշխատող բժշկի կողմից, առաջիկայում նա ևս մեկ այց կկատարի։
«Հանրային պաշտպանի գրասենյակի մոտ այս պահին առկա բժշկական նյութերն արդեն փոխանցվել են Մզիա Ամաղլոբելիի փաստաբանին», — հայտնել են օմբուդսմենի գրասենյակից։
Նրանց խոսքով, ձերբակալման օրվանից լրագրողին 7 անգամ այցելել են հանրային պաշտպանը և նրա ներկայացուցիչները, այդ թվում՝ պաշտպանի գրասենյակի բժիշկը։ Հայտնում են նաև, որ գրավոր դիմել են Քրեակատարողական ծառայությանը՝ Ամաղլոբելիի բժշկական փաստաթղթերը փաստաբանին տրամադրելու գործընթացն արագացնելու համար։
Հունվարի 30-ին «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, որ չնայած բազմիցս հնչած պահանջներին, համապատասխան գերատեսչությունները փաստաբաններին տեղեկատվություն չեն տրամադրում կալանքի տակ գտնվող Ամաղլոբելիի առողջական վիճակի մասին։
Ամաղլոբելին արդեն 20-րդ օրն է, ինչ հացադուլ է անում, հրաժարվում է դադարեցնել այն: Ամաղլոբելիի ընկերներն ու գործընկերներն հայտարարել են՝ նա ունի մի շարք խրոնիկական հիվանդություններ:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի տվյալներով՝ Ամաղլոբելիի կյանքին վտանգ է սպառնում: Ավելի քան 300 լրագրողներ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ պահանջում են նրան ազատ արձակել։
Ամաղլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեին ապտակելու համար։ «Ոստիկանի վրա հարձակվելու» համար նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։