Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ փետրվարի 5-ին դիմել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և խնդրել իրավական կարծիք ներկայացնել «Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրենքների նախագծերի վերաբերյալ։
«Վրացական երազանք»-ը նախատեսում է շտապ վերանայել և փոփոխել Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը, «Հավաքների և մանիֆեստացիայի մասին» Վրաստանի օրենքը և Քրեական օրենսգիրքը:
Օմբուդսմենի գրասենյակը նշել է՝ վերոնշյալ օրենսդրական փաթեթի վերաբերյալ, չնայած հանրային պաշտպանի կոչին, խորհրդարանը շարունակում է արագացված կարգով քննարկել օրենքի նախագիծը, ինչը հնարավորություն չի տալիս լիարժեք մասնակցելու և ներգրավվելու քննարկմանը։
«Վրաստանի հանրային պաշտպանը Վրաստանի խորհրդարանին կոչ է անում թույլ չտալ օրենքի նախագծի հետագա ընթացքը մինչև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացության հրապարակումը և հույս է հայտնում, որ ներկայացված օրինագծերի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացությունը լիովին հաշվի կառնվի։ Ձեռնարկվելու են նաև բոլոր միջոցները մարդու իրավունքների վրա բացասական ազդեցությունները վերացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վրաստանում արդեն 71-րդ օրն է, ինչ նոր ընտրությունների պահանջով շարունակվում են եվրոպամետ բողոքի ցույցերը։
«Վրացական երազանք»-ն արդեն արգելել է դիմակներ կրելը, հրավառության օգտագործումը, հանրահավաքների ժամանակ լազերների օգտագործումը։ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության անունից հրամանագիր է ստորագրել, որով արգելվում են հանրահավաքները մի շարք փողոցների վրա։