Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին կոչ է անում Վրաստանի խորհրդարանին չշրջանցել «գործակալների մասին» օրենքի վրա դրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն։
Ի դեպ, այսօր՝ մայիսի 27-ին, այս հարցը քննարկվում է խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, որին ներկա է նաև Իոսելիանին։
«Այստեղ լինելու իմ նպատակն ու պատճառը մեկն է՝ արտահայտել և հրապարակել հանրային պաշտպանի դիրքորոշումը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ»,- ասել է հանրային պաշտպանը։
Ըստ օմբուդսեմնի` այսօր երկրում ստեղծված իրավիճակը, լարվածությունը պահանջում է ավելի մեծ պատասխանատվություն, «պետք է հաշվի առնել այն ամենը, ինչ կատարվում է Թբիլիսիի փողոցներում արդեն գրեթե երկու ամիս»։
Նա նաև նշել է, որ արտերկրից ստացվող միջոցների թափանցիկության բարձր չափանիշ սահմանելու կառավարության նպատակը օրինաչափ է, թեև դրան կարելի է հասնել այլ օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով։