Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է հունիսի 1-ին Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած իրադարձություններին:
Խորհրդարանի շենքի մոտ վրան տեղադրելու փորձի համար ձերբակալվել է մարտյան ցույցերի ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսի հայրը՝ Բեքա Գրիգորիադիսը։
Ըստ օմբուդսմենի գրասենյակի՝ նույնիսկ այն դեպքում, երբ անգամ մեկ անձ է իր բողոքն արտահայտում վրան տեղադրելով՝ նա օգտվում է արտահայտվելու ազատությունից, որում առանց համապատասխան և պատշաճ հիմնավորման միջամտությունն անհամաչափ է։
Հանրային պաշտպանի խոսքով, վրանի տեղադրումը հավաքների ազատության իրացման անբաժանելի մասն է: Օմբուդսմենը կոչ է անում Վրաստանի ներքին գործերի նախարարությանն անհիմն կերպով չսահմանափակել հավաքների և արտահայտվելու ազատությունը։
Հիշեցնենք․ մի քանի օր է՝ Բեքա Գրիգորիադիսն ու նրա կողմնակիցները ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել Լազարե Գրիգորիադիսին։