Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հայտարարության համաձայն, այս փուլում օմբուդսմենի գրասենյակը ներգրավված չէ Ուկրաինայում կռվող երկու գերեվարված վրացի զինվորների ազատ արձակման գործում։ Այս տեղեկությունն Օմբուդսմենը լրագրողներին հայտնել է Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառումից հետո:
Radiotavisupleba.ge-ի փոխանցմամբ՝ Իոսելիանին ասել է, որ ինքը չի շփվել իր ռուս գործընկերոջ հետ, և այս փուլում դրա անհրաժեշտությունը չի տեսնում:
«Այս փուլում մենք ներգրավված չենք այս խնդրով։ Եթե անհրաժեշտություն լինի ներգրավվելու, իհարկե` կներգրավվենք։ Խոսքը հանրային պաշտպանի կողմից համապատասխան գործընկեր գործակալության հետ շփման մասին է։ Ըստ այդմ՝ խոսքը ՌԴ օմբուդսմենի հետ կապի մասին է, որը դեռ չեմ հաստատել, և դրա անհրաժեշտությունը հիմա չեմ տեսնում»,- ասել է օմբուդսմենը:
Ուկրաինայի կողմից կռվող Վրաստանի երկու քաղաքացիների գերեվարման մասին տեղեկությունը հայտնի է դարձել նոյեմբերի 14-ին այն բանից հետո, երբ ՌԴ ՊՆ-ն հրապարակել է գերեվարվածների հարցաքննությունը ցուցադրող տեսանյութ։
Վրաստանի կառավարության ներկայացուցիչների խոսքով, իրենք ռեսուրսներ չունեն այդ հարցով աշխատելու համար, քանի որ Վրաստանը հակամարտության կողմ չէ։ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է. «Նրանք ռուս-ուկրաինական պատերազմի ռազմագերիներ են, հետևաբար, ուկրաինական կողմը կարող է ներգրավվել ռուսական կողմի հետ համապատասխան բանակցություններում»:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կօգտագործի միջազգային մեխանիզմներ՝ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի կողմից գերեվարված Վրաստանի երկու քաղաքացիների սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար։