Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը Թբիլիսիի կենտրոնում անցկացվող ակցիաների մասնակիցներին հիշեցնում է, որ բռնությունն ու ապօրինի գործողությունները անթույլատրելի են: Նինո Լոմջարիան նշել է, որ ակցիայի անցկացմանը կամ ակցիային մասնակցելը խոչնդոտելը ևս հակաօրինական է:
Հիշեցնենք, որ Ռուսթավելիի պողոտայում ամենօրյա ակցիաների մասնակիցների տեղն այսօր զբաղեցրել են ԼԳԲԹ համայնքի դեմ հանդես եկող ակտիվիստները:
«Նշված կարգը խախտելու դեպքում Վրաստանի օրենսդրությունը նախատեսում է ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվություն: Ընդ որում, պետք է ընդգծել ակցիայի կազմակերպիչների պատասխանատվությունը, որպեսզի հնարավոր միջոցներ ձեռնարկվեն՝ օրենքի խախտման ցանկացած դեպք բացառելու նպատակով», — ասված է Օմբուդսմենի հայտարարությունում:
Լոմջարիան հորդորել է երկու ակցիաների մասնակիցներին բանակցել ու հնարավոր դարձնել երկու ակցիաների անցկացումը՝ առանց խոչնդոտների ու խաղաղ պայմաններում: