Վրաստանյան քաղաքական դաշտում նոր սկանդալ է հասունացել: Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի «խորհրդարանն» այսօր վաղ առավոտյան վավերացրել է «Ռուսաստան-Աբխազիա համաձայնագիրը», որն ավելի ուշ իր ստորագրությամբ հաստատել է դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան:
«Ռուսաստան-Աբխազիա համաձայնագրով» աբխազական կողմը Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը հանձնեց Ռուսաստանին:
«Իրավական հիմք չունի». ԱԳՆ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) այս համաձայնագրի վավերացումը հերթական անօրինական գործողություն և Ռուսաստանի՝ Վրաստանի անբաժանելի շրջանների օկուպացման քաղաքականության շարունակություն որակեց, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։
«Միջազգային իրավական տեսանկյունից ցանկացած նման, այսպես կոչված, համաձայնագիր իրավաբանական ուժ չունի և առոչինչ է։ Ըստ այդմ, Աբխազիայի շրջանի օկուպացման պայմաններում, այսպես կոչված համաձայնագիրը որևէ իրավական հետևանք չի կարող ունենալ»,- հայտնում են ԱԳՆ-ից:
ԱԳՆ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ գնահատական տալ Ռուսաստանի Դաշնության հերթական անօրինական քայլին՝ ուղղված Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարմանը. «Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կատարել իր միջազգային պարտավորությունները, ներառյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ»:
Նախագահը դատապարտում է
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խստորեն դատապարտում և միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել։
«Ես խստորեն դատապարտում եմ ՌԴ–ի կողմից վրացական հողերի հերթական զավթումը և սողացող անեքսիայի քաղաքականությունը։ Ժողովրդի բուռն արձագանքը, որ տեսնում ենք Բիճվինթայի ամառանոցը հանձնելու շուրջ, օկուպացիայի ուղղակի արդյունք է։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը կոշտ և հրատապ արձագանքել»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին:
«Տարածքների բռնակցում». ընդդիմության արձագանքը
Վրացական ընդդիմության ներկայացուցիչներն այս քայլը գնահատում են որպես Ռուսաստանի կողմից տարածքի բռնակցում և քննադատում են Վրաստանի կառավարության քաղաքականությունն այս հարցում։
Նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի կարծիքով, Ռուսաստանը հերթական քայլն է կատարել օկուպացված Աբխազիայի բռնակցման ուղղությամբ՝ «Վրացական երազանքի» հակապրագմատիկ լռության քաղաքականության ֆոնին։
«Սոխումիի օկուպացիոն ռեժիմը ընդառաջելով բռնազավթող երկրի պահանջներին՝ Բիճվինթա ամառանոցը հանձնեց Ռուսաստանին՝ ամբողջովին անտեսելով վրաց և աբխազ ժողովրդի կամքը։ Նման «որոշումները» անօրինական են։ Մեր աբխազ հայրենակիցների հետ միասին մենք պետք է վերականգնենք մեր հողը»,- գրել է Գախարիան:
Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Աքուբարդիայի կարծիքով, անհրաժեշտ է այս հարցի վերաբերյալ խորհրդարանական բանաձև ընդունել։ Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ կառավարությունը համարժեք քաղաքականություն վարի Ռուսաստանի նկատմամբ.
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամ Սաբա Բուաձեի խոսքով՝ Բիճվինթայի ամառանոցները Ռուսաստանին փոխանցելու գործընթացն այնպես է զարգացել, որ վրացական իշխանությունները հստակ չեն սահմանել իրենց դիրքորոշումը. «Բիճվինթայում տեղի ունեցածը մեծ ողբերգություն է, երբ մեր երկրի պատմական տարածքն ուղղակիորեն փոխանցվեց Ռուսաստանին։ Սա ևս մեկ անգամ նշմարում է, որ Ռուսաստանի համար այլ շահ չկա, նրանք նույնիսկ հաշվետու չեն սեփական խամաճիկ ռեժիմին»:
«Իշխանությունը չի լռել». «Վրացական երազանքը» պարզաբանում է
Իշխող «Վրացական երազանքի» անդամ Միխեիլ Սարջվելաձեի կարծիքով, Վրաստանի կառավարությունը անհաշտ կլինի բոլոր այն գործողությունների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում երկրի տարածքային ամբողջականության սկզբունքին։ Նրա խոսքով, կտրականապես անընդունելի է կարծել, թե «Վրացական երազանքը» միշտ լռում է այս հարցերի վերաբերյալ։
Վրաստանի խորհրդարանի տարածքային ամբողջականության վերականգնման և օկուպացիայի հանձնաժողովի ղեկավար, առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին մեղադրում է ընդդիմությանը: Ըստ նրա՝ ընդդիմության այն մասը, որը հանձնել է այդ տարածքները Ռուսաստանի Դաշնությանը, համապատասխան արձագանք չի անում:
Նրա խոսքով, իշխանությունը հայտարարություններ է արել այն ժամանակ, երբ անհրաժեշտ է եղել, ընդունվել են համապատասխան բանաձևեր, փաստաթղթավորվել է Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը։
Քաղհասարակությունն իշխանություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել, միջազգային հանրության առջև ակտիվորեն բարձրացնել Բիճվինթայի տարածքների փոխանցման հարցը, կիրառել բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները գործընթացը կասեցնելու համար, վերջ տալ անեքսիային: