«Մթավարի արխի» հեռուստաընկերության հայտարարության համաձայն՝ հեռուստաալիքի համահիմնադիր Զազա Օքուաշվիլին «գնում է ռուսական ռեժիմին բնորոշ ճանապարհով» և աստիճանաբար փակում է ալիքը։
Նրանց խոսքով՝ ալիքն անջատվել է բոլոր օգտատերերի համար, որոնք ազդանշան են ստանում Վրաստանի շրջաններում կամ արտասահմանում` արբանյակի միջոցով։
««Մթավարի արխի»-ն արդեն անջատված է բոլոր օգտատերերի համար, որոնք մեր ազդանշանը Վրաստանի մարզերում կամ արտերկրում ստանում են արբանյակի միջոցով։ Պատճառը պարզ է՝ Զազա Օքուաշվիլիի նշանակած տնօրեն Գոգի Քուրդաձեն հրաժարվում է գումարը փոխանցել ծառայություններ մատուցող ընկերություններին։ Ավելին, Օքուաշվիլիի տնօրենն ընդհանրապես թույլ չի տալիս այդ միջոցներն օգտագործել ի շահ հեռուստաալիքի, իսկ մեր գործընկեր ընկերություններին անհիմն մեղադրանքներ ու սպառնալիքներ պարունակող նամակներ է ուղարկում»,- գրված է հայտարարության մեջ։
Հեռուստաընկերության հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ նույն պատճառով փետրվարի սկզբից էլ ավելի կսահմանափակվի «Մթավարի արխի»-ի տարածումը, քանի որ իրենց ազդանշանը կանջատվի նաև կաբելային հեռուստատեսությունների զգալի մասի համար։
Նրանց խոսքով, արդեն մեկ ամիս է, ինչ եթերում գովազդ չկա, և ալիքը կորցրել է իր բոլոր հովանավորներին՝ վաճառքի տան հետ պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով։ Հեռուստաալիքի ղեկավարության խոսքով՝ տնօրեն Գոգի Քուրդաձեն, Զազա Օքուաշվիլիի հանձնարարությամբ, թույլ չի տալիս երկարաձգել պայմանագրերը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «Մթավարի արխի»-ն դադարեցրել է նաև վարկանիշային ցուցիչների տրամադրումը, իսկ լրագրողները շատ հաճախ այլևս չեն կարողանում ուղիղ հեռարձակումներ իրականացնել, «վճարումներ չկատարելու պատճառով անջատվել է նաև անջատիչ սարքերի սպասարկումը»։
Հիշեցնենք, դեկտեմբերի 11-ին Վրաստանի «Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաընկերության (ՀԸ) գլխավոր տնօրեն Գիորգի Գաբունիան ասել էր՝ ՀԸ-ի հիմնադիրներից Զազա Օքուաշվիլին որոշել է փակել հեռուստաալիքը։ Այս հայտարարությունը Գաբունիան արել է ՀԸ-ում կայացած հատուկ ճեպազրույցում, որին մասնակցել են հեռուստաալիքի լրագրողներն ու հաղորդավարները։
Գաբունիայի խոսքով, Օքուաշվիլին լուրջ դատական վեճ ունի Իվանիշվիլիի հետ, «ինչը ոչ միայն չի բացառում նրանց համագործակցությունը, այլև ընդհակառակը, այս վեճում համաձայնության գալու համար խիստ անհրաժեշտ է շահարկել «Մթավարի արխի»-ն»:
Թեմայի հետ կապված այլ տեղեկություններին կարող եք ծանոթանալ ստորև։
Գաբունիային «Մթավարի արխիի» տնօրենի պաշտոնից հեռացնելը կասեցվել է