Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության նախնական տվյալների համաձայն՝ երկրի տնտեսությունն օգոստոս ամսին գրանցել է 10,3 տոկոսով աճ։
Հաղորդվում է, որ 2021 թվականի օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատած աճ է գրանցվել հետևյալ ոլորտներում․ արտադրական արդյունաբերություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, առևտուր, էլեկտրաէներգիա, գազ, գոլորշու և օդորակման մատակարարում, հյուրանոցներ և ռեստորաններ, տրանսպորտ և պահեստավորում, մշակույթ, ժամանց և հանգիստ։
Անկում է գրանցվել շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում։
Սեպտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ Վրաստանում վերջին մեկ տարում գնաճը կազմել է 12,8 տոկոս։ Մինչ այդ, առնվազն 30 ամսվա կտրվածքով Վրաստանում այսպիսի գնաճ չի եղել։
Հատկանշական է, որ գնաճի հետևանքով սեպտեմբերի 1-ից, հարյուրավոր քաղաքացիների վարկերի տոկոսադրույքները ևս ավելացել են ու հավելյալ դժվարությունների առաջ կանգնեցրել։
Վրաստանում գների աճը համընկավ կորոնավիրուսի համավարակի հետ, որի հետևանքով երկրի տնտեսությունը զգալիորեն տուժել էր։ Չնայած դրան, Վրաստանում տնտեսական աճը սկսվել է՝ 2021 թվականի մարտից, երբ երկրում Covid-19-ի հետ կապված սահմանափակումների հիմնական մասը մեղմացված էին։