Օգոստոսի 1-ից կսկսվի գրանցումը «գործակալների ռեգիստրում»

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ասել է, որ իրենք արդեն պատրաստել են տեխնիկական բազան, որն անհրաժեշտ էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հիման վրա հասարակական և լրատվական կազմակերպությունների գրանցման համար։ Այս հայտարարությունը նա արել է արդարադատության նախարարությունում կայացած ճեպազրույցում։

«Օգոստոսի 1-ից այս չափանիշներին համապատասխանող կազմակերպություններն արդեն կարող են դիմել գրանցվելու համար։ Ամեն ինչ [տեխնիկական բազան] պատրաստ է։ Եթե կազմակերպությունը չի կատարում օրենքով նախատեսված պահանջները, չի ենթարկվում Վրաստանի օրենսդրությանը, գիտեք, որ ենթարկվում է համապատասխան պատասխանատվության` 25 հազար լարի տուգանքի չափով»,- զգուշացրել է նախարարը։

Ռատի Բրեգաձեին հարց է ուղղել «Ֆորմուլա»-ի լրագրողը։ Վերջինս օրենքն անվանել է «Գործակալների մասին օրենք», Բրեգաձեն հակադարձել է, որ հարցին չի պատասխանի, քանի որ լրագրողն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի փոխարեն ասել է «Գործակալների մասին օրենք»։

Չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն «Գործակալների մասին» օրենքի վերաբերյալ։ Սույն օրենքը օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպություններին, որոնք ֆինանսավորում են ստանում երկրի ռազմավարական գործընկերներից։

Օրենքի ընդունումից հետո Եվրամիությունը դադարեցրեց Վրաստանին տրամադրվող օգնության մի մասը, իսկ ԱՄՆ-ն անորոշ ժամկետով հետաձգեց զորավարժությունները։