Վրաստանի խորհրդարանն այսօր արագացված կերպով քննարկել և առաջին ընթերցմամբ պաշտպանել է հարկային արտոնություններ սահմանելու նախաձեռնությունը, որը մշակել են «Վրացական երազանքի» պատգամավորները։
Եթե օրինագիծն ընդունվի, ապա այն վրացի գործարարները, ովքեր ակտիվներ ունեն օֆշորային գոտիներում, հարկային արտոնություններ կստանան ակտիվները Վրաստան տեղափոխելու համար։ Նախաձեռնությունը խորհրդարանին ներկայացրել է համահեղինակ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Պաատա Կվիժինաձեն։ Նրա խոսքով, օգուտը կտարածվի օֆշորներից Վրաստան ակտիվների փոխանցման վրա, խոսքը գնում է այնպիսի ակտիվների մասին, ինչպիսիք են ինքնաթիռներն ու մեքենաները։
Ըստ Կվիժինաձեի՝ օրինագծի ընդունման պատճառն այն է, որ օֆշորային ընկերությունների գործունեությունը բարդ է, և շատ դեպքերում նրանցից պահանջվում է ավելի թափանցիկ լինել և հարկեր վճարել։ Ուստի վրացի գործարարները, ովքեր օֆշորային ակտիվներ ունեն, նախատեսում են արտոնություններ ստանալ այդ ակտիվները Վրաստան փոխանցելու համար։
Խորհրդարան ներկայացված օրինագծի համաձայն, երբ օֆշորային ընկերությունների կողմից ակտիվները փոխանցվեն վրացական ընկերությանը, ստացող վրացական ընկերությունը կազատվի համապատասխան ակտիվի հարկման պարտավորությունից, եթե գործողությունն ավարտվի մինչև 2028 թվականի հունվարի 1-ը, իսկ մինչ 2030 թվականի հունվարի 1-ը նշված օպերացիայի մեջ ներգրավված ձեռնարկությունը Վրաստանում օֆշորային ընկերությունից ֆիզիկական ակտիվ ստանալիս կազատվի ներմուծման հարկից։
Խորհրդարանի լիագումար նիստում օրենքի նախագծի վերաբերյալ հարցեր չհնչեցին, իսկ ընդդիմությունը նիստին չներկայացավ՝ ի նշան «ռուսական օրենքի» դեմ բողոքի։ Ընդդիմադիր պատգամավորները նշում են, որ օֆշորային գոտիների մասին օրինագծի ներկայացումը «ռուսական օրենքի» հետ միաժամանակ ցույց է տալիս, որ այդ հարկային արտոնությունը հարմարեցված է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։
Ընդդիմադիր պատգամավոր Ռոման Գոցիրիձեն նշում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Իվանիշվիլիի դեմ միջազգային պատժամիջոցների ակնկալիքով, ինչի պատճառով իշխող թիմը հարկային արտոնություններ է նախապատրաստում։
Ի դեպ, Վրաստանի ամենահարուստ քաղաքացի Բիձինա Իվանիշվիլին իր բիզնես գործունեությունն իրականացնում է Վրաստանի օֆշորում, քանի որ «Քարթու բանկը», «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը» և «Համաներդրումային հիմնադրամը» օրինականորեն պատկանում են օֆշորային ընկերություններին։