Օդանավակայանում, ենթադրաբար, ձվեր են նետել Սալոմե Զուրաբիշվիլիի վրա

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայից հետո, Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս, անհայտ անձինք, ենթադրաբար, ձվեր են նետել նաև Սալոմե Զուրաբիշվիլիի վրա։ Այս տեղեկությունը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։

Առկա տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 18-ին, երբ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիայից վերադարձել է Թբիլիսիի միջազգային օդանավակայան, նրա վրա ձվեր են նետել։ Դեռևս միջադեպի տեսանյութեր չեն տարածվել։

Նախորդ օրը՝ փետրվարի 17-ին, Մյունխենից վերադարձած Գիորգի Գախարիայի և նրա թիմակից Էլգուջա Խոկրիշվիլիի վրա նույնպես ձվեր էին նետել օդանավակայանում։

«Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ հարձակվողները «Վրացական երազանքի ջոկատներ են», և ոստիկանությունը չի արձագանքել միջադեպին: Օդանավակայանի անվտանգության ծառայությունը նույնպես ոչ մի կերպ չի արձագանքել, նշել են նրանք։