Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքի նավահանգստում հուլիսի 10-ին ռուսական ռազմանավ է հայտնվել, գրել է վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցը՝ վկայակոչելով Navalnews ինտերնետ-պարբերականը, որը ներկայացնում է ծովային պաշտպանության խնդիրները:
Ըստ տեղեկության՝ Աբխազիա մտած ռազմանավը, ամենայն հավանականությամբ, Project 22870-ն է, որը համարվում է քարշակող և փրկարար նավ, սակայն, ըստ ռազմական փորձագետների, հաճախ օգտագործվում է ռազմական նպատակներով՝ դեսանտային նավեր ուղեկցելու և ռազմական գործողությունների ժամանակ հրթիռային համակարգեր տեղափոխելու համար։ 2022 թվականի հունիսի 17-ին Ուկրաինայի զինված ուժերը Զմեյն կղզու մոտ խորտակել են նմանատիպ (SB-739) զենիթահրթիռներ տեղափոխող նավ։
Արբանյակային լուսանկարների համաձայն՝ այս ռազմանավը հունիսի 28-ին կայանված է եղել Նովոռոսիյսկ նավահանգստում, ապա անհետացել է հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 4-ի և 5-ի լուսանկարների համաձայն՝ հայտնվել է Օչամչիրեի նավահանգստի մոտ։
Հուլիսի 3-ին Նովոռոսիյսկի նավահանգիստը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի գլխավոր հետախուզական ստորաբաժանման կողմից. կա վարկած, որ այս հարձակման ժամանակ նավը, որը հետագայում հայտնվել է Աբխազիայում, գտնվել է բաց ծովում և Օչամչիրե է մտել անվտանգ տարածքում լինելու համար:
Օկուպացված Աբխազիա ռուսական նավի մուտքի մասին տեղեկությունը տարածելուց հետո radiotavisupleba-ն կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով. ԱԳՆ-ից ասել են՝ եթե հարկ համարեն մեկնաբանել այդ հարցը, կկապվեն լրատվամիջոցի հետ։
Այս թեմայի շուրջ լրագրողները հարց են ուղղել հակաարևմտյան «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավոր Գուրամ Մաճարաշվիլիին. վերջինս ասել է. «Ի՞նչ անենք: Հարձակվե՞նք: Հարցնում եմ՝ ի՞նչ անենք»։ Նրա կարծիքով, Վրաստանի օկուպացիայի պատասխանատվությունը կրում է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Այն, որ Օչամչիրեի նավահանգստում ռազմական նավ է կայանված, որ այստեղից 30 կմ հեռավորության վրա ռուսական բանակ է տեղակայված, պետք է հարցնել «Վիվամեդում» գտնվող պարոն դատապարտյալ Սաակաշվիլիին»,- հավելել է Մաճարաշվիլին։
Ի դեպ, Օչամչիրեում ռուսական ռազմանավի հայտնվելու նախապատմությունը 2023 թվականի հոկտեմբերին հայտարարված Ռուսաստանի ցանկությունն է՝ այնտեղ մշտական ռազմածովային բազա բացել և ռազմական նավատորմ ներմուծել։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հայտարարել էր, որ Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային մշտական բազա կստեղծվի:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) իր մտահոգությունն է հայտնել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային նավատորմի բազան տեղակայելու հեռանկարի առնչությամբ։ ԱԳՆ-ն նշել է՝ նմանատիպ գործողությունները «հերթական սադրիչ փորձն են՝ ուղղված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անօրինական օկուպացիայի օրինականացմանը»։
Վրաստանի քաղհասարակությունը և վերլուծաբանները Մոսկվայի այս քայլը քննադատել են: Ըստ նրանց՝ ռուսական սևծովյան նավատորմը և նրա ենթակառուցվածքը ուկրաինացիների հարվածների պատճառով տեղափոխվում են Վրաստան. նրանք կտեղակայվեն Վրաստանից չվերահսկվող Գուդաութայում, Սոխումիում և Օչամչիրեում: