Օգոստոսի 9-ին OCCRP-ը (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաշվետվությունների գործակալություն) մի քանի վրացական և ռուսաստանյան լրատվամիջոցների գործընկերների հետ հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կինը Ռուսաստանում սեփականություն ունի, որի մի մասը ձեռք է բերել վերջին տարիներին։
Նշված տեղեկատվության հրապարակումից հետո «Վրացական երազանք»-ը, որի նախագահն է Բիձինա Իվանիշվիլին, հայտարարություն է տարածել և հրապարակված տեղեկությունը անվանել «կեղծ»։ Իշխանամետ հեռուստաընկերությունները և լրատվամիջոցները, առանց որևէ հիմնավորման, պնդում էին, որ հետաքննական հոդվածում տեղ գտած փաստերը ճիշտ չեն և քննադատում էին OCCRP-ին ու նրա տեղական գործընկերներին։
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որը 1990-ականներին իր կարողությունը կուտակել է Ռուսաստանում, 2011 թվականին՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման ժամանակ հայտարարել է, որ հրաժարվելու է ռուսական անձնագրից և վաճառելու է Ռուսաստանի իր բիզնեսը։ 2013 թվականին Իվանիշվիլին՝ որպես երկրի վարչապետ, լրացրել է սեփականության հայտարարագիր, որտեղ նշված է եղել նրա ընտանիքի ունեցվածքը, Ռուսաստանինը` նույնպես։ Դրանք են՝ տուն Մոսկվայի թաղամասերից մեկում և երեք հողատարածք Պերեդելկինոյի մոտ, որը Մոսկվայի ծայրամասի ամենաէլիտար բնակավայրերից մեկն է (տունը պատկանում էր նրա կնոջը՝ Եկատերինե Խվեդելիձեին և որդուն՝ Ուտա Իվանիշվիլիին։ Որպես հողի սեփականատեր նշվում էր միայն նրա կինը)։
Այնուամենայնիվ, OCCRP-ն հրապարակել է Իվանիշվիլիի ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ բացահայտված նոր փաստեր։
Իվանիշվիլիի կինը՝ Եկատերինա Խվեդելիձեն, 2021 և 2024 թվականներին նոր գույք է ավելացրել իր անշարժ գույքի ցանկում։ Մասնավորապես, Պերեդելկինո թաղամասում գրանցվել են երկու հողատարածք և ևս մեկ տուն՝ նախկինում ընտանիքին պատկանող անշարժ գույքին հարակից։ Հողատարածքի և տան ընդհանուր արժեքը կազմում է մոտ 14,7 մլն ԱՄՆ դոլար։
«OCCRP-ն քաջ գիտակցում է այս հարցի քաղաքական զգայունությունը, սակայն մեր առաքելությունն է հրապարակել հանրային բարձր հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը: OCCRP-ը վրացական կազմակերպություն չէ և քաղաքական առնչություններ չունի ոչ Վրաստանում, ոչ էլ արտերկրում որևէ քաղաքական կուսակցության հետ: OCCRP-ն անկախ հետաքննական լրատվական կազմակերպություն է, որի նպատակը հասարակությանը ժամանակին և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումն է»,- ասված է հայտարարությայն մեջ։
Նույն հայտարարության մեջ OCCRP-ն նշել է, որ Իվանիշվիլիի ընտանիքի կողմից նոր գույքի գնումը հաստատող փաստաթղթերը ձեռք է բերել անշարժ գույքի ռեգիստրից և ստուգել դրա ճշգրտությունը տարբեր աղբյուրներից, որոնք հասանելի են պետական տվյալների բազաներին:
«Աղբյուրի գաղտնիությունը պաշտպանելու համար մենք չենք կարող որևէ լրացուցիչ տեղեկություն հրապարակել այն մասին, թե ինչպես և ինչ միջոցներով ենք ձեռք բերել այդ փաստաթղթերը, բայց ցանկանում ենք հրապարակել նշված փաստաթուղթը՝ որպես մեր ներկայացրած փաստերի ճշմարտացիությունը հաստատող ապացույց։ Սա ՌԴ իշխանությունների կողմից տրված պաշտոնական փաստաթուղթն է, ինչը հաստատում է, որ վերոնշյալ անշարժ գույքից մեկը (հողամասերը) այս տարվա սկզբին Բիձինա Իվանիշվիլիի մորաքրոջ՝ Ուչա Մամացաշվիլիի կողմից փոխանցվել է Եկատերինե Խվեդելիձեին»,- ասված է հաղորդագրությայն մեջ։
Իվանիշվիլիի ընտանիքը Մոսկվայում վերջին տարիներին սեփականություն է ձեռք բերել