
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) Հյուսիսային և Հարավային Կովկասի անցուդարձը լուսաբանող OC Media լրատվականի համահիմնադիր և համատնօրեն Մարիամ Նիկուրաձեին, որ նաև OC Media-ի լուսանկարիչն է, «ճանապարհը փակելու» մեղադրանքով երկու անգամ տուգանել է ընդհանուր 10 հազար լարիի չափով։
Նիկուրաձեն ամեն օր անդրադառնում է մայրաքաղաքում շարունակվող եվրոպամետ ցույցերին, որոնց հիմնական պահանջներն են նոր ընտրությունների անցկացումը և քրեական օրենսդրությամբ ձերբակալված ցուցարարների ազատ արձակումը։
Ինչպես մյուս օրերին, այնպես էլ մարտի 11-ին և 15-ին նա իր լրագրողական գործունեությունն էր իրականացնում՝ կրելով մամուլի կրծքանշան և տեսախցիկ, սակայն ոստիկանները, այնուամենայնիվ, տուգանել են նրան։
Նա «Եվրամիության 2024 թվականի լրագրության մրցանակի» դափնեկիրներից է։ 2024 թվականի դեկտեմբերին Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նրան պարգևատրել է «Պատվո շքանշան»-ով՝ իր քաղաքացիական նվիրվածության, բացառիկ քաղաքացիական պատասխանատվության և անձնական խիզախության համար։
2024 թվականի նոյեմբերի 28-ից Վրաստանում շարունակաբար անցկացվում են եվրոպամետ հանրահավաքներ։ Բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են «Վրացական երազանք» կուսակցության ընդունած որոշումից հետո՝ «մինչև 2028 թվականը» օրակարգ չներառել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների բացման հարցը։
Բողոքի ցույցերի սկսվելուց հետո «Վրացական երազանք»-ը խստացրեց օրենքները ցույցերը սահմանափակելու նպատակով. արգելեց հավաքների ժամանակ լազերների և դեմքը փակելու օգտագործումը, ավելացրեց տուգանքները ճանապարհները փակելու և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար, նաև վարչական կալանքի ժամկետը 15-ից դարձրեց 60 օր։
Ոստիկանությունը տուգանել է տասնյակ մարդկանց, այդ թվում՝ լրագրողների։ ՆԳՆ-ն չեղարկել է որոշ լրագրողների տուգանքները։
OC Media-ի հիմնադիր Մարիամ Նիկուրաձեն ոստիկանության հետախուզման ցանկում է