OC Media-ի համահիմնադիրը 4-րդ անգամ է տուգանվել

Հյուսիսային և Հարավային Կովկասի անցուդարձը լուսաբանող OC Media լրատվականի համահիմնադիր և համատնօրեն Մարիամ Նիկուրաձեին, որ նաև OC Media-ի լուսանկարիչն է, Վրաստանի ոստիկանությունը չորրորդ անգամ է տուգանել «ճանապարհը փակելու» համար։ Նա ընդհանուր առմամբ 20 հազար լարիի չափով տուգանվել է։

«Ինչ վերաբերում է դեմքը ծածկելուն և այլն… «Երազանքի» հիմար «օրենքներով» ամենևին պետք չէ, որ լրագրողները պատժվեն: Դրա համար ես չեմ պատրաստվում ծածկել դեմքս կամ որևէ այլ բան։ Կշարունակեմ սովորականի պես», — ասել է Նիկուրաձեն։

Նիկուրաձեն անդրադարձել է մայրաքաղաքում ամեն օր տեղի ունեցող եվրոպամետ ցույցերին, որոնց հիմնական պահանջներն են նոր ընտրությունների անցկացումը և քրեական օրենսդրությամբ կալանավորված անձանց ազատ արձակումը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) մարտի 11-ի և 15-ի հետ կապված OC Media-ի լուսանկարչի նկատմամբ տուգանք է սահմանել։ Նիկուրաձեն այդ ժամանակ աշխատում էր Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց։ Նոր անդորրագրերով նա մեղադրվում է ապրիլի 2-ին և 3-ին նույնպես ճանապարհ փակելու համար։

2024 թվականի նոյեմբերի 28-ից Վրաստանում շարունակաբար անցկացվում են եվրոպամետ հանրահավաքներ։ Բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են «Վրացական երազանք» կուսակցության ընդունած որոշումից հետո՝ «մինչև 2028 թվականը» օրակարգ չներառել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների բացման հարցը։

Բողոքի ցույցերի սկսվելուց հետո «Վրացական երազանք»-ը խստացրեց օրենքները ցույցերը սահմանափակելու նպատակով. արգելեց հավաքների ժամանակ լազերների և դեմքը փակելու օգտագործումը, ավելացրեց տուգանքները ճանապարհները փակելու և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար, նաև վարչական կալանքի ժամկետը 15-ից դարձրեց 60 օր։

Ոստիկանությունը տուգանել է տասնյակ մարդկանց, այդ թվում՝ լրագրողների։ ՆԳՆ-ն չեղարկել է որոշ լրագրողների տուգանքները։