Նյու Յորքում ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա և Ադրբեջան) տարածաշրջանային կազմակերպության ձևաչափով տեղի է ունեցել Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների (ԱԳՆ) հանդիպումը։
Կազմակերպության անդամ չորս երկրների ԱԳ նախարարներ Իլիա Դարչիաշվիլին, Դմիտրի Կուլեբան, Նիկու Պոպեսկուն և Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։
Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 20-ին կայացած հանդիպմանը Դմիտրի Կուլեբան իր գործընկերներին տեղեկացրել է մարտական գոտում տիրող իրավիճակի, ժամանակավորապես գրավյալ տարածքների ազատագրմանն ուղղված Ուկրաինայի և նրա գործընկերների ջանքերի մասին և շնորհակալություն հայտնել Վրաստանին, Ադրբեջանին և Մոլդովային՝ Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության համար։ Կուլեբան Վրաստանին, Ադրբեջանին և Մոլդովային առաջարկել է մասնակցել պատերազմից տուժած շրջանների վերականգնման գործընթացին։
Ուկրաինայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը բարձրացվել է Ուկրաինայի օկուպացված շրջաններում հանրաքվեների պատճառով Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների խստացման հարցը։
Վրաստանի ԱԳՆ-ի համաձայն՝ Նյու Յորքում կայացած հանդիպմանն ընդգծվել է տարածաշրջանային համագործակցության հետագա ամրապնդման և միջազգային գործընկերների ներգրավման անհրաժեշտությունը՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի և ընդհանուր սպառնալիքների ֆոնին։
Դարչիաշվիլին խոսել է Վրաստանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող քաղաքական, դիվանագիտական և հումանիտար աջակցության մասին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Նա Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին տեղեկացրել է Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող իրավիճակի մասին։
Նախարարները ստորագրել են ՎՈւԱՄ ազատ առևտրի գոտու համաձայնագրի համար ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին արձանագրությունը և ՎՈւԱՄ անդամ պետությունների միջև հյուպատոսական հարցերում փոխադարձ օգնության մասին կոնվենցիան: