Նվիրատվությունների առնվազն 84 տոկոսն ստացել է «Վրացական երազանք»-ը

2024 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 20-ը 16 քաղաքական կուսակցություններ ստացել են 7 մլն 395 հազար 731 լարիի նվիրատվություն: Այդ մասին նշված է«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպության նախընտրական մոնիտորինգի զեկույցում, որն ընդգրկում է հունիսի 1-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածը՝ մինչև պաշտոնական նախընտրական քարոզարշավի մեկնարկը։

Ըստ ISFED-ի՝ վերոնշյալ նվիրատվությունների ավելի քան 84 տոկոսն ստացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Զեկույցում նշված է, որ պաշտոնական նախընտրական քարոզարշավի մոտենալուն զուգընթաց, ավանդաբար, հաճախակի են դարձել իշխող կուսակցության կողմից պետական ​​լայնածավալ նախագծերի նախաձեռնումը։ Թեև նախընտրական քարոզարշավն սկսվում է ընտրություններից 60 օր առաջ, սակայն նմանատիպ նախաձեռնությունների/ծրագրերի պլանավորումն ու իրականացումը պարունակում է վարչական ռեսուրսների ընտրական նպատակներով օգտագործման միտումներ, ինչը ջնջում է իշխող կուսակցության ու պետության միջև սահմանը։

ISFED-ն ընդգծել է այն փաստը, որ նախընտրական իրադարձությունների մեկնարկին «Վրացական երազանք»-ի առաջնորդներն իրենց ընտրողներին խոստացել են, սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում, հիմնական ընդդիմադիր միավորումները հակասահմանադրական ճանաչել։

Ըստ կազմակերպության՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը, որն ուղեկցվել է դավադրության տեսություններով հակաարևմտյան հռետորաբանության սրմամբ, էլ ավելի է խորացնում քաղաքական բևեռացումը՝ չնայած հասարակական ուժեղ հակազդեցությանը։