Վրաստանի խորհրդարանի առողջապահության պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովը փետրվարի 19-ին աջակցել է նվազագույն աշխատավարձի վերաբերյալ արհմիությունների օրենսդրական նախաձեռնությանը:
Հանձնաժողովն ընդունել է արհմիությունների օրենսդրական առաջարկը՝ հիմնված ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության ու էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունների առաջարկության վրա՝ վերապահումով, որ դա պետք է ներկայացվի սոցիալական գործընկերության եռակողմ հանձնաժողովի քննարկմանը։
Արհմիություններից հայտնել են, որ իրենք արդեն մի քանի անգամ այդ հարցը ներկայացրել են սոցիալական գործընկերության եռակողմ հանձնաժողովին։
Վրաստանի մասնագիտական արհմիությունների միավորման նախաձեռնությունը փոփոխությունների առաջարկ է Վրաստանի աշխատանքային օրենսդրության մեջ, ըստ որի՝ նվազագույն աշխատավարձը պետք է սահմանվի միջին աշխատավարձի 40 տոկոսից ոչ պակաս չափով։ 2022 թվականի տվյալներով` 40 տոկոսը կազմում է 636 լարի։ Ըստ նրանց՝ նվազագույն աշխատավարձը 636 լարիի մակարդակով կազդի մինչև 192 հազար վարձու աշխատողների վրա։
Հիշեցնենք, որ նշված պահանջով արհմիությունների տարբեր ոլորտի աշխատակիցներ 2023-ին մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով արժանապատիվ աշխատավարձ: