ԱՄՆ Պետդեպարտամենտի «Ֆուլբրայթ օտարերկրյա ուսանողների ծրագիր» կրթաթոշակային ծրագրի 2020-2024 թվականների մասնակիցները արձագանքել են Վրաստանում «օտարերկրյա գործակալների գրանցման մասին» և «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքների նախագծերի քննարկմանը։
«Ֆուլբրայթի» մասնակիցները նշել են, որ իրենց համար կրկնակի դժվար է հետևել ընթացիկ իրադարձություններին, քանի որ այժմ «Ֆուլբրայթ ծրագրով» գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որի ավարտից հետո պետք է նպաստեն Վրաստանի զարգացմանը։
Ըստ նրանց՝ օրինագծերի դիտարկումը, առավել ևս` ընդունումը, խոչընդոտ է երկրի ժողովրդավարական զարգացմանը և հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, մասնավորապես` նրա 78-րդ հոդվածին, որը հստակ արտահայտում է Վրաստանի քաղաքացիների ընտրած Եվրատլանտյան ինտեգրումը:
«Վերոնշյալ օրենքների նախագծերը միանշանակ բացասական գնահատականի են արժանացել միջազգային հանրության կողմից: Օրենքների նախագծերին բացասաբար են արձագանքել նաև տեղական կազմակերպությունները և հստակ նշել, որ նրանց որպես «գործակալ» գրանցելու պահանջը կարող է դադարեցնել այդ կազմակերպությունների ֆինանսավորումը կամ գոյությունը։ Սա ինքնին ազդում է հասարակության տարբեր խմբերի վրա, որոնք օգտվում են այդ կազմակերպությունների օգնությամբ իրենց կյանքի համար կարևոր ծառայություններից։
Օրինագծերը կվնասեն երկրում կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, քանի որ սպառնում են երիտասարդությանը և ընդհանրապես ակադեմիային` օգտվել միջազգային կազմակերպությունների կողմից աջակցվող ծրագրերի առավելություններից»,- նշել են մասնակիցները:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին առաջին ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա գործակալների« մասին օրինագծերը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ և առաջատար հանձնաժողովն է, որն աջակցում է օրինագծերին։
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: