Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլի քաղաքում այսօր առաջին անգամ նշվեց քաղաքին նվիրված «Մառնեուլոբա 2023» տոնը:
Տոնի առթիվ քաղաքի Կենտրոնական այգում բացվել էին Մառնեուլիի մունիցիպալիտետի 18 համայնքի տաղավարներ, որտեղ յուրաքանչյուր համայնք ներկայացնում էր իրեն բնորոշ ավանդույթները, մշակույթը, երաժշտությունը։
Վրաց-հայկական սահմանին գտնվող հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղի հանրակրթական դպրոցի «Վրացերենը՝ որպես երկրորդ լեզու» առարկայից ավագ ուսուցչուհի Նարինե Ասատրյանը, որ իր աշխատակիցների և համագյուղացիների հետ միասին ներկայացնում էր հայկական տաղավարը, «Ալիք Մեդիա»-ին ասաց՝ տոնը յուրահատուկ է իր բազամազանությամբ և տեսակով:
«Տոնի կարևորությունը հենց Մառնեուլին է, քանի որ սա Վրաստանի այն անկյուններից է, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ապրում են համակեցությամբ, արարում և նպաստում երկրի զարգացմանը: Այսօրվա կարևոր իրադարձությունը հենց այդ ազգերին մեկ տանիքի տակ հավաքելն ու Վրաստանի մյուս անկյունների ժողովրդին՝ այս բազմազգ անկյունի մշակույթին էլ ավելի մոտիկից ծանոթացնելն է»,- ասաց ուսուցչուհին և հավելեց՝ ցանկալի է, որ տոնը շարունակական լինի:
Հայաբնակ Աղքյորփի գյուղը ներկայացնում էր վրացական մշակույթից մինչև գյուղում պահպանվող բազմաթիվ հնաոճ իրեր: Աղքյորփիի հանրակարթական դպրոցի «Վրացերենը՝ որպես երկրորդ լեզու» առարկայից ավագ ուսուցիչ Նարիման Մելիքիձեն ընդգծեց՝ տոնը նշելը կարևոր է, քանի որ Մառնեուլիի մունիցիպալիտետում բնակվող ազգերը կարողանում են միմյանց ցույց տալ իրենց յուրօրինակ մշակույթը:
«Մշակույթի ցուցադրությունն ավելի է մոտեցնում ազգերին: Բացի այդ՝ տեսնում ենք որոշակի նմանություններ, որն էլ ավելի է ընդգծում մեր ընկերությունն ու կովկասյան ժողովրդի կայունությունը: Բնականաբար, տոնը նաև հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր ընկերներ, ծանոթներ, որը դրական արդյունք կարող է ապահովել միայն»,- «Ալիք Մեդիա»-ին ասաց Մելիքիձեն:
Ներկաների գնահատականին իր ձեռագործ իրերն էր ներկայացրել Աղքյորփի գյուղից Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի, 19-ամյա Լիանա Վարդումյանը: Նրա աշխատանքները նաև վաճառքի էին դրված:
Տոնին ներկա էր Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին, Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը, Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին, Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն և այլք:
Ի դեպ, տոնի կազմակերպման համար Մառնեուլիի քաղաքապետարանը ծախսել է 161 հազար 750 լարի: