Թբիլիսիում Ռուսթավելիի անվան թատրոնում այսօր՝ մարտի 18-ին ժամը 20։00-ին կկայանա «Նռան գույնը» խորեոգրաֆիկ ներկայացումը նվիրված թբիլիսահայ լեգենդար կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100–ամյակին։ Ներկայացումը կազմակերպվում է Վրաստանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների, Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի և TBC բանկի աջակցությամբ։
Տոմսեր ձեռք բերել հնարավոր է՝ անցնելով հղումով։
«Նռան գույնը» Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմերից է։ Այն թողարկվել է 1968 թվականին, նվիրված է Սայաթ-Նովային։
Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը ցուցադրվել է էկրաններին, ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչի իրականացրած ևս մի վերամոնտաժի արդյունքն է։
20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում: Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ:
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որը, սակայն, անավարտ մնաց: Նա կյանքից հեռացավ՝ չհասցնելով իրականություն դարձնել իր բազմաթիվ մտահղացումներ:
Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991 թվականից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից տեղափոխած կահ-կարասին:
Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում:
Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2005 թվականին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան Թալեր»:
Փարաջանովի մասին ավելին կարդացեք այստեղ: