Նոյեմբերյան ցույցերի վերաբերյալ OMCT-ն զեկույց է հրապարակել

Ըստ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի տարածած հաղորդագրության «Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը» (OMCT), «Խոշտանգումների ենթարկվածների վերականգնման միջազգային խորհուրդը» (IRCT), «Անկախ դատաբժշկական փորձագետների խումբը» (IFEG), նաև վրացական իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ GYLA-ն` Խոշտանգումների ենթարկվածների հոգեսոցիալական և բժշկական վերականգնման կենտրոնի և Մարդու իրավունքների կենտրոնի աջակցությամբ, 2024 թվականի դեկտեմբերի 17-24-ը Թբիլիսիում իրականացրել են փաստահավաք առաքելություն։

«2024 թվականի նոյեմբերի բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունը դիմել է աննախադեպ բռնության` ոստիկանության ուժերի կողմից վնասակար զենքերի կիրառմամբ, ինչը խախտում է ներպետական օրենսդրությամբ և մարդու իրավունքներով սահմանված չափանիշները։

Նշված խախտումները, որոնք էլ ավելի սրվեցին ցուցարարների դեմ ուղղված նոր ընդունված սահմանափակող օրենքով, արտացոլում են համակարգված պետական քաղաքականություն, որում ներգրավված են կառավարության բոլոր ճյուղերը, այդ թվում՝ ներքին գործերի նախարարության տարբեր բաժինները, քննչական և դատախազական մարմինները, խորհրդարանը և դատարանը», – նշված է OMCT-ի հաշվետվությունում։

Ըստ OMCT-ի հաշվետվության, հատուկ նշանակության ստորաբաժանումը` պարեկային և քրեական ոստիկանության աջակցությամբ, ցուցարարների նկատմամբ կիրառել են ծայրահեղ ֆիզիկական և հոգեբանական բռնություն` երկարատև ծեծ դեմքի շրջանում, բժշկական օգնության չտրամադրում, բռնության սպառնալիքներ և այլն։