2007 թվականի նոյեմբերի 7-ին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն ամբողջովին բացահայտված չեն։ Դեպքերից 11 տարի անց նման կարծիք է հայտնել «Հանրապետական» կուսակցության առաջնորդներից Լևան Բերձենիշվիլին։
Նրա խոսքով, կարևոր հարցերից մեկը դեպքերի հետ Բիձինա Իվանիշվիլիի կապի բացահայտումն է։ Նա վստահ է, որ գործող իշխանությունները չեն ցանկացել հետաքննել նոյեմբերյան դեպքերը, քանի որ «բոլորը գիտեն, ով որտեղ էր կանգնած, ով ում էր ֆինանսավորում»:
Բերձենիշվիլին շեշտել է նաև, եթե Իվանիշվիլիի ձեռքում հայտնվեն բոլոր պաշտոնները, «նոր նոյեմբերի 7 կլինի, հնարավոր է նաև ավելի խիստ»:
Հիշեցնենք՝ «Հանրապետական» կուսակցությունը, որ մինչև վերջին խորհրդարանական ընտրությունները Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ էր, այսօր պաշտպանում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեին։
Հիշեցնենք՝ 2007-ի նոյեմբերի 7-ին ոստիկանությունը հատուկ միջոցների՝ ջրանետների, արցունքաբեր գազի եւ ռետինե գնդակների կիրառմամբ Թբիլիսիի կենտրոնում ցրեց ընդդիմության բողոքի բազմահազարանոց ակցիան, երկրում արտակարգ դրություն մտցվեց։