Նոյեմբերի 4-ին Թբիլիսիի Վերայի այգում բողոքի ակցիա է անցկացվելու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դեմ։ Այս մասին տեղեկատվությունը տարածվել է Facebook սոցիալական ցանցում:
Նշվում է, որ ցույցը կապ ունի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հետ, երբ նախագահի պաշտոնի համար պայքարելու են իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից, միավորված ընդդիմության աջակցությունը վայելող Գրիգոլ Վաշաձեն:
Netgazeti պարբերականը կապ է հաստատել ցույցի համակարգողներից Գոչա Ալեքսիձեի հետ։
«Այնպես է ստացվել, որ ես և իմ ընկեր Գիա Ադեիշվիլին բարձրաձայնում ենք բազում մարդկանց անհանգստությունն ու ցանկությունը՝ ցույց «Միացյալ ազգային շարժման» դեմ։ Մենք կհավաքվենք և մեր դիրքորոշումը կհայտնենք, սադիզմի ռեինկարնացիային կասենք՝ ոչ»,- հայտարարել է Գոչա Ալեքսիձեն:
Վերջինս հավելել է, որ ցույցը տեղի է ունենալու կիրակի օրը՝ ժամը 13:00-ին:
Հատկանշական է, որ Վրաստանում Վաշաձեի հաղթանակը (առաջին փուլում) ընդունվում է որպես Սաակաշվիլիի հաղթանակ։ Վրաստանի նախկին նախագահ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր, այժմ վտարանդի Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կվերադառնա հայրենիք։