Այսօր, մայիսի 21-ին Կովկասի բնապահպանական կազմակերպությունների ցանց CENN-ը «Փարոս» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ Նինոծմինդայում բացեց «Նորարարական գիտելիքների ՀԱԲ»: ՀԱԲ-ը բացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «EU4Youth. Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում։
Հանդիպմանը մասնակցում էին Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի անդամները և մի շարք այլ հետաքրքրված անձինք: Ծրագրի ղեկավարները ներկայացրեցին ՀԱԲ-ի բացման նպատակները և խոսեցին այն հնարավորությունների մասին, որոնք ընձեռվում են Նինոծմինդայի երիտասարդներին:
«Մեր ինովացիոն գիտելիքի ՀԱԲ-ը ստեղծվել է Եվրամիության կողմից աջակցվող նախագծի շրջանակներում, որը կապված է սահմանամերձ շրջաններում սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացման հետ: Վրաստանում մենք բացել են 3 ՀԱԲ՝ Ախմետայում, Գորիում և Նինոծմինդայում, ինչպես նաև Հայաստանում՝ Լոռիում, Շիրակում ու Տավուշում բացվել են նմանատիպ հաբեր, ընդհանուր հաշվով մենք ունենք 6 ինովացիոն գիտելիքի ՀԱԲ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է նախագծի ազգային համակարգող Նինո Ցինցաձեն:
Նրա խոսքով, այսօր Նինոծմինդայում բացված ՀԱԲ-ից կարող են օգտվել տեղի երիտասարդները` ցանկացած գյուղից և քաղաքից: Տարածքը կահավորված է բոլոր հարմարություններով, ինչը հնարավորություն կտա տարբեր միջոցառումներ և հանդիպումներ անցկացնել։ Բացի ՀԱԲ-ի կողմից կազմակերպված միջոցառումներից, բոլոր ցանկացողները կարող են ՀԱԲ-ի տարածքից և տեխնիկայից օգտվելով իրականացնել իրենց սոցիալական կամ երիտասարդական նախաձեռնությունները։
«Ցանկացած երիտասարդական գաղափար կունենա ՀԱԲ-ի աջակցությունը: ՀԱԲ-ի գլխավոր նպատակն է խթանել երիտասարդների ինտեգրումը, նպաստել նրանց զարգացմանը: Այստեղ սոցիալական և կանաչ ձեռներեցության թեմաներով բազմաթիվ թրեյնինգներ կկազմակերպվեն և կանցկացվեն բազմաթիվ բնապահպանական միջոցառումներ»,- նշեց նախագծի ազգային համակարգողը:
ՀԱԲ-ի բացման արարողությունից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Նինոծմինդայի երիտասարդները Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ մասնակցել էին CENN-ի կողմից կազմակերպված լուսանկարների մրցույթին: Լավագույն լուսանկարների հեղինակները պարգևատրվեցին նվերներով:
CENN-ը «EU4Youth. Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում երկրորդ դրամաշնորհային մրցույթն է հայտարարել: Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել՝ 18-29 տարեկան երիտասարդները, հասարակական կազմակերպությունները, նախաձեռնող խմբերը, որոնք իրենց նորարարական բիզնես գաղափարները ներկայացնելով կարող են ստանալ դրամաշնորհ 3000-ից մինչև 10000 եվրո: Դրամաշնորհային մրցույթի մասնակցելու վերջնաժամկետը հունիսի 5-ն է: