
Վրաստանի վարչապետի նոր թեկնածուն Իրակլի Կոբախիձեն է, իսկ Շալվա Պապուաշվիլին խորհրդարան նախագահի թեկնածուն է, նոյեմբերի 21-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:
Մդինարաձեի խոսքով՝ Կոբախիձեի թեկնածությունը ներկայացրել է կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
«Ինչպես գիտեք, վարչապետի թեկնածու առաջադրելու լիազորություն ունի կուսակցության պատվավոր նախագահը։ Զարմանալի չի, որ պարոն Բիձինա Իվանիշվիլին առաջադրեց Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Նրան աջակցում էր ողջ թիմը»,- ասել է կուսակցության գործադիր քարտուղարը։
Մդինարաձեն ասել է, որ քաղխորհրդի նիստում քննարկվել են «տարբեր հարցեր մինչև տարեվերջ», այդ թվում.
- պետական բյուջե,
- իշխանության ամրապնդում,
- նախագահական ընտրությունների նշանակման հարց:
«Նախագահական ընտրությունները պետք է նշանակվեն նոր խորհրդարանի առաջին նիստից հետո, հաջորդ օրերին կորոշենք առաջին նստաշրջանի ամսաթիվը»,- հավելել է Մդինարաձեն։
Ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, որ իբրև «անկախ թեկնածու» նախագահ է ընտրվել 2018 թվականին՝ «Վրացական երազանք»-ի աջակցությամբ, պաշտոնավարման 6-ամյա ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։
Այժմ նախագահն այլևս չի ընտրվի ուղղակի ընտրությունների միջոցով։ Նախագահին ընտրելու է 300 հոգանոց ընտրական կոլեգիան.
- Վրաստանի խորհրդարանի բոլոր անդամները (150 պատգամավոր),
- Աբխազիայի Գերագույն խորհրդի բոլոր անդամները (20 պատգամավոր),
- Աջարիայի Գերագույն խորհրդի բոլոր անդամները (21 պատգամավոր),
- Մունիցիպալիտետների սակրեբուլոներից՝ 109 հոգի։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ նոր խորհրդարանն առաջին անգամ նիստ կգումարի նոյեմբերի 25-ին։
Ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով Սահմանադրական դատարան երկու հայց է ներկայացվել։ Մեկը նախաձեռնել է Վրաստանի նախագահը, իսկ մյուսը՝ խորհրդարանի 30 պատգամավոր։
Սահմանադրագետների խոսքով, քանի դեռ սահմանադրական խնդիր կա, խորհրդարանը չի կարող ճանաչել սեփական իշխանությունը․ ըստ կանոնակարգի՝ իրավասություն չունի։