Վաղը՝ դեկտեմբերի 11-ին, տեղի կունենա Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: 10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը մեծ կարևորություն չէր ստանա, եթե ընտրություններից հետո քաղաքական ուժերը ճանաչեին դրանց արդյունքները:
Հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, սակայն, ընտրական շեմը հաղթահարել է 9 կուսակցություն, որոնցից միայն իշխող «Վրացական երազանքն» է ճանաչում ընտրությունների արդյունքները, իսկ բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են մտնել խորհրդարան:
Վրաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը վերացնելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանների միջնորդությամբ 4 անգամ հանդիպել են և քննարկել հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ ունեցած տարաձայնությունները:
Ընդդիմությունն ունի 4 պահանջ.
- արտահերթ ընտրություններ,
- քաղբանտարկյալների ազատ արձակում,
- ընտրական համակարգի բարեփոխում,
- ընտրական հանձնաժողովի փոփոխություն։
Ինչ վերաբերում է իշխանությանը, «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ իշխանությունը պատրաստ է իրականացնել ընտրական բարեփոխում, նաև պատրաստ է նշանակել արտահերթ ընտրություններ եթե նոր խորհրդարանում ձևավորվի հետաքննչական հանձնաժողով, որը կհաստատի, որ ընտրությունների արդյունքները գոնե 1 տոկոսով կեղծվել են իշխող կուսակցության օգտին:
ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի ունեցած 4-րդ հանդիպումից հետո ակնկալվում էր նաև 5-րդ հանդիպում, սակայն այսօր հայտնի դարձավ, որ այն չի կայանալու: Այսպիսով վերջնական համաձայնություն Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև այս պահին գոյություն չունի և վաղը, հավանաբար, խորհրդարանի առաջին նիստին կմասնակցի միայն «Վրացական երազանքը»:
Ընդդիմադիր առաջնորդներից Գիգի Ուգուլավայի խոսքով՝ վաղը նորընտիր ընդդիմադիր պատգամավորները պաշտոնապես դիմում են ներկայացնելու իրենց իրավասությունը դադարեցնելու և ընտրական ցուցակները զրոյացնելու պահանջով: