Նոր խորհրդարանականների լիազորությունների ճանաչումը հակասահմանադրական է. ISFED

Վրաստանի խորհրդարանի կողմից նոր անդամների լիազորությունների ճանաչումը հակասահմանադրական է և խախտում է Վրաստանի խորհրդարանի կանոնակարգը, հայտարարել է «Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):

Ըստ ՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարան է ներկայացվել 2 հայց՝ դրանով իսկ վիճարկելով խորհրդարանի բոլոր 150 անդամների ընտրության օրինականությունը։ Ըստ այդմ, ՀԿ-ն հակասահմանադրական է համարում նոյեմբերի 25-ին Վրաստանի խորհրդարանի կողմից նոր անդամների լիազորությունների մասին ծանուցումը։

«Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը լիակատար լիազորություններ է ձեռք բերում խորհրդարանի անդամների երկու երրորդի լիազորությունների ճանաչման պահից։ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգով՝ պատգամավորների լիազորությունները ճանաչելու մասին որոշման մեջ չի կարող ներառվել խորհրդարանի այն անձի ազգանունը, որի խորհրդարանի անդամ ընտրվելու օրինականությունը վիճարկվել է Վրաստանի Սահմանադրական դատարանում», — հայտարարել է ISFED-ը:

Նշենք, որ իշխող «Վրացական երազանք»-ի 88 անդամ այսօր՝ նոյեմբերի 25-ին, բողոքի ակցիաներին զուգընթաց ճանաչել է չլեգիտիմացված խորհրդարանի 150 պատգամավորների լիազորությունները:

11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանն իր առաջին նիստը գումարեց այս խորհրդարանի կասկածելի օրինականության և բողոքի ցույցերի ֆոնին։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և քաղհասարակությունն ընտրությունները համարում են կեղծված, իսկ խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ։

Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել այս խորհրդարանի լեգիտիմության դեմ: Զուրաբիշվիլին բողոքում է սահմանադրական երկու իրավունքների՝ քվեարկության գաղտնիության և ընտրությունների համընդհանուրության խախտման համար։ 30 պատգամավոր դիմել է ՍԴ՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու համար։

Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի մանդատը չի փոխանցվում այն ​​քաղաքական գործչին, ում ընտրությունը բողոքարկվում է ՍԴ-ում

Նոյեմբերի 25-ի բողոքի ցույցի մասնակիցներն այս խորհրդարանը համարում են ոչ լեգիտիմ ու ինքնահռչակ։

11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին չեն մասնակցում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները. նրանք չեն հրավիրվել։ Լրատվամիջոցների հասանելիությունը նույնպես սահմանափակ է:

Սահմանադրագետների խոսքով, քանի դեռ հարցը Սահմանադրական դատարանում է, խորհրդարանը չի կարող ճանաչել սեփական իշխանությունը․ ըստ կանոնակարգի՝ հայեցողություն չունի։