
Վրաստանում աշխատում են վճարման համակարգի նախագծի վրա, որը կնվազեցնի միջազգայնորեն ճանաչված Visa և Mastercard քարտային համակարգերի ազդեցությունը։ Սա, սակայն, չի նշանակում, որ Visa-ն և Mastercard-ն այլևս չեն գործում, դրանք շարունակելու են գործել նոր ներդրվող համակարգին զուգահեռ:
Քաղաքական և տնտեսական հարցերով փորձագետները Visa-ի և Mastercard-ի շուրջ բաց քննարկումները կապում են այն հանգամանքի հետ, որ «Վրացական երազանք»-ը, հավանաբար, նախապատրաստվում է խոշոր միջազգային ֆինանսական պատժամիջոցների։
Visa-ի և Mastercard-ի ազդեցության նվազեցման վերաբերյալ քննարկումները տեղի ունեցան մարտի 27-ին՝ «Վրացական երազանք»-ի խորհրդարանի եվրոպական ինտեգրման և ոլորտային տնտեսության ու տնտեսական քաղաքականության հանձնաժողովների նիստում: Այդ նիստում վերոնշյալ նախագծի մասին լուրը հաստատել է Ազգային բանկի փոխնախագահ Էկատերինե Գալդավան:
Փորձագետները նոր՝ բաց բանկային համակարգ (ազգային վճարման համակարգ) ներդրումը նմանեցնում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմի գործելաոճին, երբ վախենալով պատժամիջոցներից՝ Ռուսաստանում ստեղծվեց տեղական քարտային համակարգ։ Ըստ տնտեսագետների, վատագույն սցենարի դեպքում Վրաստանի քաղաքացիներին կարող են զրկել միջազգայնորեն ճանաչված համակարգերից օգտվելու հնարավորությունից:
Ազգային բանկն այսօր պարզաբանել է՝ չի նախատեսվում սահմանափակել Visa և Mastercard վճարային համակարգերի գործունեությունը Վրաստանում։ Վստահեցնում են՝ իրենց գործառույթներից մեկը վճարային համակարգի անվտանգ, կայուն և արդյունավետ գործունեության խթանումն է։
Տնտեսագետ Ռամազ Գեռլիանին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ վճարման ազգային համակարգը, որ ցանկանում են ներդնել, Վրաստանին ոչ մի տնտեսական առավելություն չի տա, քանի որ Վրաստանը ո՛չ տնտեսապես, ո՛չ էլ ֆիզիկապես չունի այդ ռեսուրսը: Տնտեսագետը որպես օրինակ բերեց Ռուսաստանին և Չինաստանին, որոնք ունեն սեփական ազգային փոխանցման համակարգը՝ քաղաքակիրթ աշխարհից անջատ:
Ըստ տնտեսագետի՝ այս փուլում վտանգ չկա, որ Վրաստանը կանջատվի Visa-ից և Mastercard-ից, սակայն, եթե նման բան լինի ապագայում, ապա դա մեծ վնաս կհասցնի երկրի տնտեսությանը. փաստացի կդժվարանան միջազգային փոխանցումները:
«Այս պահին վտանգ չկա, քանի որ Visa-ից և Mastercard-ից անջատվելու դեպքում կտուժեն ոչ միայն պաշտոնյաները, այլև՝ ժողովուրդը: Բազմիցս նախազգուշացումներ եղել են` կապված Վրաստանում ժողովրդավարական հետընթացի հետ, բայց այս փուլում, կարծում եմ, նման քայլի չեն գնա` հաշվի առնելով նաև միգրանտների թիվը», — ասաց Գրեռլիանին:
Visa-ի և Mastercard-ի սահմանափակմանը կողմ է «Վրացական երազանք»-ի պատգամավոր Վակո Թուրնավան, որ ըստ տեղեկությունների՝ Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավայի ազգականն է։ Վակո Թուրնավան նաև Վրաստանում առաջին թվային բաց փոխանցումների վրա աշխատող Keepz ընկերության հիմնադիրն է։
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը չի բացառում, որ բաց բանկային համակարգի ներդրումը կփոխանցվի Վակո Թուրնավային` հաշվի առնելով Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավայի հետ ազգակցական կապերը:
Թումասյանի գնահատմամբ՝ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին արտաքին քաղաքականության իր խնդիրը ներքին քաղաքականության մեջ է ներքաշում և մտադիր է վերացնել ու ճնշել Վրաստանի քաղաքական ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին՝ ի պատասխան քաղաքակիրթ աշխարհի գործողությունների և հայտարարությունների:
«Visa-ի և Mastercard-ի մասին բաց զրույցի մեկնարկը, անկասկած, վկայում է այն մասին, որ պատրաստվում են շատ լուրջ, արմատական որոշումներ և գործընթացներ, որոնք կհանգեցնեն Վրաստանի լիակատար մեկուսացմանը, այսինքն՝ բելառուսացմանը կամ հյուսիսկորեացմանը։ Կստեղծվի ամբողջովին ստերիլ, վերահսկվող միջավայր», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց միջազգային հարցերով փորձագետը:
Տնտեսական հարցերով փորձագետ Ակակի Ցոմաիայի խոսքով, այն` ինչ պլանավորում է Ազգային բանկը՝ բաց բանկային համակարգի ներդրումը, աշխարհի շատ երկրներում կա. սա ո՛չ Visa-ի և ո՛չ էլ Mastercard-ի փոխարինում չէ, փոխանցումները տեղի են ունենում միայն ազգային մակարդակում: Տնտեսագետի դիտարկմամբ՝ այս համակարգի ներդրման դեպքում, ասենք, խանութում վճարումները հնարավոր կլինի Visa-ի և Mastercard-ի փոխարեն կատարել ազգային քարտային համակարգով:
Տնտեսական հարցերով փորձագետը, սակայն, չի բացառում, որ «Վրացական երազանք»-ը, գուցե, սպասում է ավելի մասշտաբային պատժամիջոցների:
«Բայց պետք է հաշվի առնել նաև, որ գտնվում ենք ավտորիտար երկրում: Եվ հարց է առաջանում՝ այդ համակարգի գործարկումից հետո որքանո՞վ պաշտպանված կլինեն մեր անձնական տվյալները: Իսկ թե ինչու է հենց այս փուլում բաց բանկային համակարգի ներդրման մասին խոսվում, կդժվարանամ ասել, թեև՝ կարելի է ասել, որ Ազգային բանկը և իշխանությունը սպասում են նոր միջազգային պատժամիջոցների», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց տնտեսական հարցերով փորձագետը:
Այնուամենայնիվ, աճող քաղաքական ճգնաժամի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության վրա արևմտյան պատժամիջոցների ճնշման ֆոնին Ազգային բանկի նման ծրագրերը անհանգստություն են առաջացրել հասարակության շրջանում:
Ինչ է կատարվում
Մարտի 27-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանի եվրոպական ինտեգրման և ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովների նիստում քննարկումներ են տեղի ունեցել Visa-ի և Mastercard-ի ազդեցության նվազեցման վերաբերյալ։
Վերոհիշյալ նիստում «Վրացական երազանք»-ի պատգամավոր Վակո Թուրնավան խնդրել է ԱԲ-ի փոխնախագահ Էկատերինե Գալդավային բացատրել բնակչությանը, թե ինչու է բաց բանկային գործունեությունը լավ։
Բաց բանկինգը ենթադրում է տեղեկատվության անհապաղ փոխանակում տարբեր ֆինանսական հաստատությունների միջև էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ՝ օգտագործողի նախաձեռնությամբ: Բաց բանկային տեխնոլոգիան կիրառվում է տարբեր երկրներում։
Վակո Թուրնավան, սակայն, իր հերթին Keepz-ի հիմնադիրն է՝ առաջին ֆինտեխընկերության հիմնադիրը, որը բաց բանկային լիցենզիա ունի Վրաստանում։
Էկատերինե Գալդավան հայտարարել է, որ Ազգային բանկը աշխատում է մի նախագծի վրա, որը կնվազեցնի Visa-ի և Mastercard-ի ազդեցությունը լարիի փոխանցումների վրա։
«Մենք աշխատում ենք Switch national card processor նախագծի վրա, բացի բաց բանկային ծառայություններից, դա կնվազեցնի Visa-ի և Mastercard-ի ազդեցությունը լարիով վճարումների և լարիի փոխանցումների վրա: Մենք աշխատում ենք դրա վրա և առնվազն մեկ տարի կպահանջվի այս Switch-ի պատրաստման համար, դա հեշտ նախագիծ չէ: Մենք փորձում ենք մի փոքր նվազեցնել մեր կախվածությունը քարտային բիզնեսից։ Մենք նկատի ունենք, որ մեր մտածելակերպը և բնակչությունը պետք է անցնեն հաշիվների ավելի լավ սեփականության, նրանք պետք է ավելի լավ հասկանան, որ իրենց հաշիվն օգտագործելը շատ ավելի ապահով կլինի, և պարտադիր չէ, որ մենք ամենուր քարտ ունենանք», — ասել է Գալդավան:
Այն բանից հետո, երբ վերոնշյալ քննարկումը ստացավ արձագանք, և հանրությունը դա ընկալեց այնպես, որ «Վրացական երազանք»-ը, հավանաբար, պատրաստվում է անջատվել SWIFT-ից, Վակո Թուրնավան հանդես եկավ լրացուցիչ պարզաբանմամբ։
SWIFT-ը ֆինանսական հաստատությունների ասոցիացիա է, որը հիմնադրվել է 1973 թվականին և գտնվում է Բելգիայում: Դա համարվում է Բելգիայի ազգային բանկը, որը համագործակցում է այլ խոշոր կենտրոնական բանկերի, այդ թվում՝ ԱՄՆ Դաշնային պահուստի, Անգլիայի բանկի և Եվրոպական կենտրոնական բանկի հետ։
Այնուամենայնիվ, SWIFT-ը ավանդական իմաստով բանկ չէ, որն օգտագործվում է միջոցներ փոխանցելու համար: Սա անվտանգ համակարգ է, որը միացնում է 11 հազար ֆինանսական հաստատություններ ավելի քան 200 երկրներում և տարածքներում: SWIFT-ը բանկերին տրամադրում է տեղեկություն, երբ գործարք է կատարվում: Պարզ ասած՝ այս համակարգը ապահովում է բանկերի միջև դրամական գործարքներ։
Օրինակ, այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Ռուսաստանը անջատվեց SWIFT համակարգից։