Մինչև դեկտեմբերի 31-ը 600 000-ից ավելի քաղաքացի դուրս կգա «սև ցուցակից»: Նախաձեռնությունն օրեր առաջ ներկայացրեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ նշելով, որ մինչև 2000 լարի պարտք ունեցող քաղաքացիները Նոր տարին կդիմավորեն առանց պարտքի: Պարտքերի զրոյացումը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին և կավարտվի դեկտեմբերի 31-ին:
«Այսօր գրեթե 700 000 քաղաքացի բանկային «սև ցուցակում» է գտնվում: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Քարթու» բարեգործական հիմնադրամին: Առանց հիմնադրամի աջակցության այս շատ կարևոր նախաձեռնության իրականացումն անհնարին կլիներ»,- իր խոսքում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության, «Քարթու» գրուպի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց:
«Սև ցուցակում» արձանագրված պարտքերի գրեթե 95 տոկոսը կազմված է վարկերից, որոնց մայր գումարը չի գերազանցում 2000 լարին: Խոսքը 600 000-ից ավելի քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների, բանկերի, առցանց կազմակերպությունների կամ տարբեր ֆինանսական կազմակերպությունների պարտքերի մասին է, ինչն ընդհանուր առմամբ մոտ միլիարդ ու կես լարի է կազմում:
Կառավարության որոշման համաձայն, բանակցությունների արդյունքում հաստատվել է, որ «Քարթու» հիմնադրամի ընձեռած գումարով զրոյանում են 600 000 քաղաքացիների բանկային պարտավորությունները:
Վարչապետի հայտարարությամբ, համաձայնեցումը բանկերի հետ արդեն տեղի է ունեցել, չնայած բանակցությունները դեռ շարունակվում են:
Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարանին ներկայացրել է վարկերի զրոյացման գործընթացի մանրամասները.
«Դեռևս ֆինանսների նախարար լինելու ժամանակ Բախտաձեն անդրադարձել էր կուտակված պարտավորությունների խնդրին, քանի որ այն խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, և աղքատությունը հաղթահարելու կարևորագույն հարցերից մեկն է: Մոտ 700 000 քաղաքացի «սև ցուցակում է»: Սա աշխատունակ բնակչության մեկ երրորդ հատվածն է, որը հեռացվել է տնտեսական կյանքից և ոչ մի տեսակի մոտիվացիա չի ունեցել աշխատանք գտնելու: Ներկա վիճակին հասել ենք անպատասխանատու վարկային համակարգի շնորհիվ. բոլոր տեսակի ֆինանսական հիմնադրամները հեշտությամբ և առանց ստուգումներ իրականացնելու վարկ են տվել, տուգանքների թիվը մեծ է եղել, տոկոսներինը նույնպես, շատերը չեն կարողացել վճարել: Գործը ֆինանսական հիմնադրամների համար մատչելի ու շահավետ է եղել մեծ տոկոսների ու տուգանքների հաշվին»,- ասել էր ֆինանսների նախարարը:
Մի փոքր ուշ տարածվեց նաև «Քարթու» հիմնադրամի առաջին արձագանքը: Հիմնադրամի ղեկավար Նիկոլոզ Չխետիանիի խոսքով, ընթացիկ տարվա բյուջեից տվյալ նախագծի համար արդեն առանձնացվել է 100 միլիոն լարի:
Ո՞ւմ է վերաբերում պարտքերի զրոյացման նախաձեռնությունը
Նախաձեռնությունը վերաբերում է նրանց, ովքեր համապատասխանում են բոլոր հետևյալ տվյալներին.
2018թ․ նոյեմբերի 19-ի դրությամբ ժամկետանց են, վարկային պարտականության մայր գումարը չի գերազանցում 2000 լարին, չի ապահովված կամ ապահովված է շարժական գույքով:
Հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց բազայում գրանցված պարտք ունեցողներին, որոնց պարտքի մնացած հատվածը չի գերազանցում 2000 լարին:
Ինչպես են արձագանքել նախաձեռնությանն ընդդիմադիրներն ու ՀԿ-ները
Ընդդիմությունը և հասարակական կազմակերպությունները քննադատական հայտարարություններով արձագանքեցին նախաձեռնությանը: Այսպես օրինակ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչների խոսքով, պարտքերի մի մասն է զրոյացվելու միայն, ինչն ընդամենը նախընտրական խոստում է:
Ինչ վերաբերում է ՀԿ-ներին, «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան», «Transparency international-Վրաստանը» և «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» ՀԿ-ները երկրի դատախազությանը կոչ են արել ուսումնասիրել հարցը և արձագանքել կառավարության որոշմանը:
Հիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով, երկրի 600 000 քաղաքացիների պարտքերի զրոյացումը նախընտրական շրջանում ենթադրում է կաշառել ընտրողին:
«Սա մասնավոր բնույթի համաձայնեցում է, որը վերաբերում է բնակչության մի ստվար հատվածին»,- ոչ կառավարական կազմակերպությունների մտահոգություններին այսպես է արձագանքել Վրաստանի գլխավոր դատախազությունը։
Ինչ կարծիքի են փորձագետները
Քաղաքագետ Գիա Խուխաշվիլիի կարծիքով, երբ բարեգործությունը քաղաքականության մաս է դառնում, հանրության ներսում անպատասխանատվության զգացում է առաջացնում: Տնտեսական տրամաբանությամբ նման քայլերը միայն վնաս են տալիս, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, քանզի հանրության մեջ որոշակի անպատասխանատվության զգացում է առաջացնում և հնարավորություն տալիս նոր «սև ցուցակներ» ստեղծելու:
Տնտեսագետ Անդրիա Գվիդիանիի կարծիքով, նախաձեռնությունն ընտրակաշառք համարելն անլրջություն է: Սրա ամենավառ փաստարկն այն է, որ պարտքերի զրոյացման մասին վարչապետը խոսում էր դեռևս հուլիսից: Գվիդիանին գտնում է, որ ընտրակաշառք չի կարող համարվել գործընթացը, որ պետք է տեղի ունենա ընտրոււթյուններից հետո:
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում տնտեսագետ, «Transparency International- Վրաստանի» ներկայացուցիչ Լևան Նատրոշվիլին պարտքերի զրոյացումն ընտրակաշառք գնահատեց:
«Այն փաստը, որ խոստումը նախքան ընտրություններն է տեղի ունենում ու նախագիծը մարդկանց մեծ քանակի է վերաբերում, 100 լարիից ավելի է՝ մատնանշում է, որ սա հանցագործություն է՝ ընտրակաշառք»,- նշեց Նատրոշվիլին՝ հավելելով, որ օրենսդրության համաձայն՝ պարտադիր չէ, որ ընտրություններից առաջ լինի ընտրակաշառք բաժանելը, խոստումն էլ բավական է: