Վրաստանում դեռ նախորդ տարեվերջին և 2021 թվականի սկզբին կառավարությունից, Առողջապահության նախարարությունից և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից հայտարարում էին, թե երկիրը կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի չափաբաժինը ստանալու է փետրվարի վերջին: Նախորդ շաբաթ հայտարարվեց, որ Pfizer տեսակի պատվաստանյութի շուրջ 30 հազար չափաբաժինը, որը երկիրը ստանալու էր և ըստ ծրագրի մարտի սկզբից սկսելու էր բնակչության պատվաստումը, դեռևս չի հասնի Վրաստան:
Վրացական interpressnews լրատվական գործակալությունն այսօր հրապարակեց COVAX հարթակի (որի միջոցով ստանալու է պատվաստանյութեր) պատասխանն այն հարցին, թե ինչու Վրաստանը խոստացված ժամանակին չստացավ պատվաստանյութը:
Նամակում մասնավորապես ասվում է, որ փետրվարին պատվաստանյութը ուղարկվել է այն երկրներին, որոնք բավարարել են իրենց կողմից սահմանված չափանիշները: Ինչպես նաև, նամակում ասվում է, որ պատվաստանյութերի հիմնական մասը երկրներին կբաժանվի մարտ ամսին:
Ինչ վերաբերում է չափանիշներին, որոնք պետք է բավարարեն երկրները, նրանց պարզաբանմամբ հետևյալն են՝
- Բոլոր երկրների ազգային կարգավորողները պետք է հավաստագրում տան ներմուծվող պատվաստանյութին
- Բոլոր մասնակիցները պետք է պատվաստանյութ արտադրողի հետ կնքեն վնասի փոխհատուցման պայմանագիր
Թեմայի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությամբ պայմանավորված՝ Առողջապահության նախարարությունում անցկացվեց մամուլի ասուլիս, որտեղ փոխնախարար Թամար Գաբունիան փորձեց որոշ պարզաբանումներ անել:
Փոխնախարարը նշեց, որ երկիրը պատրաստ է կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալուն, և ԶԼՄ-ներում տարածված հայտարարության համար նախարարությունը COVAX-ից պարզաբանումներ է պահանջում:
«Այսօր տարածվեցին լուրեր, թե, իբր, Վրաստանը պատրաստ չէ ընդունել պատվաստանյութը: Մենք կես ժամ առաջ COVAX-ից պահանջել ենք պարզաբանումներ անել այս հարցի վերաբերյալ: Մենք վերջին նամակը նրանցից ստացել ենք փետրվարի 22-ին և հետաձգման պատճառը նշված է Pfizer-ի կողմից լրացուցիչ պահանջների սահմանումը, ինչը կապ չունի երկրի պատրաստ լինելու հետ»,- հայտարել է Գաբունիան:
Փոխնախարարը, խոսելով երկրում պատվաստման գործընթացի մասին, հանդիպման ավարտին նշել է, որ 2-3 շաբաթվա ընթացքում Վրաստան կներմուծվի Astrazeneca-ի պատվաստանյութը և մարտի վերջից կսկվի պատվաստումը, իսկ մինչ այդ հնարավոր է ստանան նաև Pfizer-ի պատվաստանյութից:
Վրաստանի ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև բժշկական փորձագետներ իշխանությանը մեղադրում են անգործության մեջ և պահանջում Առողջապահության նախարարի հրաժարականը:
Այսօր «Շինարար ռազմավարություն» քաղաքական դաշինքի անդամ Սերգո Չիխլաձեն հայտարարել էր, որ քննարկվում է նաև Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեին պաշտոնից ազատելու հարցը, սակայն վերջինս չէր հաստատել այդ լուրը և նշել, որ «աշխատում է սովորական ռեժիմով»: