Cyber Kmara յութուբյան ալիքը հրապարակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ, ՌԴ ԱԳ նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինի զրույցի ձայնագրությունը, որում քննարկվել են Ռուսաստան-Վրաստան կապող ճանապարհի կառուցման և երկկողմ շփումների հարցը։ Ըստ Cyber Kmara-ի՝ զրույցը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 22-ին։
Ձայնագրության մեջ այն անձը, որ, ըստ Cyber Kmara-ի՝ Կարասինն է, ասում է՝ ՌԴ տրանսպորտի նախարարությունը «գոհ է վերջին շփումներից» և ցանկանում է, որ դրանք կանոնավոր լինեն։ Նրա խոսքով՝ նախարարությունը «նոր միջանցքի կառուցման ծրագիր ունի (Ռուսաստանը Վրաստանին կապող- խմբ.)։
Անձը, որ ըստ Cyber Kmara-ի՝ Աբաշիձեի ձայնն է, պատասխանում է՝ Կազբեգի-Լարս զուգահեռ ավտոմայրուղու շինարարությունն արդեն ընթացքի մեջ է, իսկ զրույցի վերջում նշում է, որ «հիմա հարմար պահ չէ ինչ-որ բան սկսելու մասին խոսելու համար»:
Հարկ է նշել, որ Աբաշիձեն հաստատել է ձայնագրության իսկությունը և ասել, թե չի հասկանում` «ինչն է սկանդալային»։
Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հաստատում է, որ Cyber Kmara -ի հրապարակած հեռախոսային ձայնագրությունը իր և Ռուսաստանի Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի միջև` իսկական է։
Աբաշիձեի խոսքով՝ ինքը երկու անգամ լսել է ձայնագրությունը, սակայն չի կարողացել հասկանալ, թե «ինչն է այդտեղ սկանդալային»։ Աբաշիձեն նշել է, որ զրույցը տեղի է ունեցել անցած տարվա հունիսին, և զրույցի թեման եղել է Կազբեգի-Լարս ուղղությամբ ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Ըստ նրա՝ այդ ընթացքում նշված հատվածում երթևեկության առումով բարդ իրավիճակ է եղել:
Նշենք, որ Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը պահանջում է Աբաշիձեին անհապաղ կանչել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ «Լելո»-ի անդամ Սալոմե Սամադաշվիլին նշել է, որ Աբաշիձեն պետք է հանրությանը տրամադրի ամբողջական տեղեկատվություն նոր նախագծերի մասին։
Ընդգծենք, որ Կարասինն ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է վերսկսել օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է վրացական կողմի համաձայնությունը:
«Բնականաբար, մենք դա քննարկում ենք, կարծիքներ ենք փոխանակում: Այնուամենայնիվ, մի ասացվածք կա` տանգոն պարում են երկուսով։ Եթե դուետի անդամներից մեկը երկմտում է, ապա չես կարող ուժով պարտադրել։ Նման հնարավորություն կա, և թե ինչ որոշում կկայացվի, միայն մեզնից չի կախված»,- ասել է Կարասինը։
Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս գովաբանել է Վրաստանի կառավարությանը՝ Արևմուտքին ընդդիմանալու համար: Լավրովի խոսքով, Արևմուտքն իր քմահաճույքներով խոչընդոտում է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանը: Լավրովը նաև խոսել է Վրաստանի և ՌԴ-ի միջև ուղիղ չվերթների վերսկսման մասին:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնումը կթեթևացնի Վրաստանի քաղաքացիների վիճակը, ինչը ողջունելի է։
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին առաջնորդ Նիկա Մելիայի կարծիքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն ուղղակիորեն հաստատում է, որ Վրաստանը կառավարում է ոչ թե անկախ կառավարությունը, այլ ռուսական օկուպացիոն ռեժիմը։
Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել է 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված` «Գավրիլովի գիշեր» հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ, ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, միանշանակ չէր ընդունվել, ինչին հետևել էին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։
Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի ուղիղ թռիչքների հնարավոր վերականգնման մասին։