
Վրաստանի արդարադատության նախարարությունը (ԱՆ) հրաժարվել է գրանցել «Շարժում սոցիալ-ժողովրդավարության համար»-ին: Շարժման փոխանցմամբ՝ նախարարությունից ոչ պատճառն են հայտնել և ոչ էլ որևէ ընթացակարգ է հետևել:
Նշված է՝ շարժման լիարժեք գործունեության համար անհրաժեշտ է պաշտոնական ձև, այդ իսկ պատճառով որոշել են գրանցվել որպես իրավաբանական անձ։ Փետրվարի 21-ին այս խնդրանքով դիմել են Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեեստր։ Գործակալությունը ներկայացրած փաստաթղթերում թերություն է հայտնաբերել ու հաջորդ օրը դրա մասին ծանուցել. սխալը շտկվել է փետրվարի 25-ին:
«Օրենքը պարտավորեցնում է նախարարությանը մեկ օրվա ընթացքում (մինչև փետրվարի 26-ի վերջը) գրանցել մեզ։ Սակայն այսօր մարտի 6-ն է, և մենք դեռ ոչինչ չենք լսել նրանցից։ Փետրվարի 27-ին, 28-ին և մարտի 4-ին ու 6-ին զանգահարեցինք Արդարադատության նախարարության թեժ գիծ և արձանագրեցինք օրենքի խախտում, սակայն` ապարդյուն։ Այս կամայականությունը խանգարում է մեր շարժմանը: Մենք դա ընկալում ենք որպես միջամտություն և խոչընդոտում մեր գործունեությանը», — ասված է շարժման հայտարարության մեջ:
Շարժման համահիմնադիրներից սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեի խոսքով, ռեժիմի յուրաքանչյուր գործողություն բացահայտում է «Վրացական երազանք»-ի թուլությունը. լինեն դրանք անհեթեթ օրենսդրական փոփոխություններ, ազնիվ պաշտոնյաների նկատմամբ հետապնդումներ, դատարանում կեղծ մեղադրանքներ, թե բնական իրադարձությունների հետ համակերպվելու անկարողություն:
«Ռեժիմը (նկատի ունի «Վրացական երազանք»-ին — հեղ.) վախենում է քաղաքացիների կազմակերպվածությունից: Դրա համար է հրաժարվում գրանցել մեզ էլ, քաղծառայողների միությանը, հոգեբանների միությանն էլ: Նրանք խախտում են բոլոր օրենքները։ Ստացվում է, որ օրենքը միայն մեզ համար է պարտադիր, իրենց համար` ոչ», — նշել է համահիմնադիրը:
Նշենք, որ շարժումը հիմնադրվել է փետրվարի 17-ին: Նրանց տեղեկացմամբ` առաջիկա ամիսներին նախատեսվում է մշակել ամբողջական ծրագրային փաստաթուղթ, որի վրա շարժման ներսում ձևավորված աշխատանքային խմբերը ակտիվորեն աշխատում են։