Վերջին ամիսներին Վրաստանում պատվաստումների մակարդակը կտրուկ նվազել է։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, Վրաստանում պատվաստումների մակարդակը ընդամենը 30-35 տոկոս է, և եթե որևէ խթան կամ սահմանափակում չկիրառվի, ապա կամավոր պատվաստումների թիվը չի ավելանա։
Գամկղրելիձեն նշել է, որ այսօրվա տվյալներով՝ 18 տարեկանից բարձր բնակչության միայն 33%-ն է կրկնակի պատվաստված, իսկ չափահաս բնակչության 36,6%-ը՝ միայն մեկ անգամ։
«Նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք կքննարկվեն համակարգող խորհրդի կողմից և համապատասխան որոշումներ կլինեն, թե ինչպես կարելի է բարձրացնել պատվաստումների մակարդակը երկրում»,- ասել է Գամկղրելիձեն։
Գամկղրելիձեն միևնույն ժամանակ նշել է, որ որոշ երկրների համար պատվաստումների այսպես կոչված շեմը 20 տոկոս է և չի բարձրացել, ոմանց համար՝ 40 տոկոս, ոմանց համար՝ 50 տոկոս։ Վրաստանում այդ ցուցանիշը 33-35 տոկոսի սահմաններում է։
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5 553 նոր դեպք, մահացել՝ 47 մարդ։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր