Նոր պահանջ հայ-վրացական սահմանին․ երկքաղաքացիներն անակնկալի են եկել

Փետրվարի 1-ին վրաց-հայկական Սադախլո-Բագրատաշեն սահմանը հատող Վրաստանի և Հայաստանի երկքաղաքացիներին թույլ չեն տվել վրացական պետհամարիանիշներով մեքենայով մուտք գործել Հայաստան․ ՀՀ մաքսակետում մուտքի թույլտվության փաստաթուղթ (ՎՈԶ) չեն լրացրել․ որպես պատճառ նշվել է՝ նոր օրենք է ուժի մեջ մտել:

Այսօր՝ փետրվարի 3-ին հիշյալ քաղաքացիները կրկին փորձել են սահմանը հատել, թույլատրել են՝ ասելով, թե օրենքի կիրարկումը 15 օրով հետաձգվել է:

Սահմանին նման խնդրի հանդիպած քաղաքացիներից մեկն «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ Վրաստանի և Հայաստանի երկքաղաքացի է, մեքենան վրացական պետհամարանիշերով է, փետրվարի 1-ին ՀՀ մուտք գործելիս մոտեցել է ՎՈԶ-ը լրացնելու, սակայն՝ մերժում է ստացել:

«Ասացին, որ փետրվարի 1-ից նոր օրենք է գործում, երկքաղաքացիների համար այլևս ՎՈԶ չենք բացում: Ստիպված մեքենաս հետ բերեցի Վրաստան: Այսօր կրկին փորձեցի անցնել, ՎՈԶ-ն արդեն բացեցին: Հարցիս՝ թե ինչու երկու օր առաջ չեն բացել, պատասխանեցին՝ օրենքը 15 օրով հետաձգվել է», — նշեց քաղաքացին, որ չցանկացավ ներկայանալ:

Վրաստանի քաղաքացի հանդիսացող և նաև ՀՀ-ի քաղաքացիություն ունեցող մեկ այլ անձ էլ նշեց, որ սահմանային անցակետը հատելուց անակնկալի է եկել, պարզվում է՝ օրենք է փոխվել, որի մասին, սակայն, նախորդ օրը ՀՀ-ից Վրաստան մեկնելիս չի զգուշացվել։ Բախվելով խնդրին՝ քաղաքացին թողել է մեքենան սահմանային անցակետի չեզոք գոտում, ոտքով հատել սահմանը դեպի Հայաստան, որտեղ և մշտապես բնակվում է ընտանիքի հետ միասին։

Հարցի շուրջ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը դիմել է Վրաստանում ՀՀ դեսպանություն և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, պատասխան ստանալուն պես հոդվածը կթարմացվի: