Նոր օրենքները պետք է չեղարկվեն. Եվրահանձնակատար

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը «խոր մտահոգություն» է հայտնել Վրաստանի «Դրամաշնորհների մասին օրենքի» փոփոխությունների վերաբերյալ և դրանք որակել «Եվրամիության արժեքներից և չափանիշներից ևս մեկ հետքայլ»։

Մարտա Քոսի X հարթակում հրապարակված հայտարարության մեջ կարդում ենք. «Այսօր (ապրիլի 16-ին) ընդունված օրենքը էլ ավելի կնվազեցնի քաղաքացիական տարածքը և կամրապնդի առկա բռնաճնշումները: Նման քայլերը հակասում են ժողովրդավարական սկզբունքներին և պետք է չեղյալ համարվեն»:

Ապրիլի 16-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանը արագացված կարգով ընդունել է «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների, դրամաշնորհ տրամադրելու համար անհրաժեշտ կլինի կառավարության կամ կառավարության նշանակած լիազորված անձի/մարմնի հավանությունը։ Չլիազորված դրամաշնորհ ստացող կազմակերպությունը կպատժվի: