
Եվրահանձնաժողովը խորհրդակցություններ է սկսել Եվրախորհրդարանի և Եվրամիության խորհրդի հետ՝ առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմը կատարելագործելու համար։ Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` որոշման պատճառը միգրացիոն և անվտանգության խնդիրներն են։
Վիզայի կասեցման մեխանիզմը նշված է ԵՄ վիզաների կանոնակարգի ութերորդ հոդվածում և նախատեսում է առանց վիզայի ռեժիմի կասեցում անօրինական միգրացիայի զգալի աճի կամ ԵՄ անվտանգության համար վտանգի դեպքում։
Եվրահանձնաժողովը նշել է՝ առանց վիզայի ռեժիմը կարևոր տնտեսական, սոցիալական և մշակութային օգուտներ է բերում ԵՄ անդամներին և երրորդ երկրներին, սակայն անցած տարիները ցույց են տվել, որ առանց վիզայի ռեժիմը կարող է նաև հանգեցնել միգրացիայի և անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների, իսկ երկիրը, որն օգտագործում է առանց վիզայի ռեժիմը, կարող է դառնալ տարանցիկ ճանապարհ դեպի ԵՄ անօրինական կերպով հասնելու համար:
Ըստ Եվրահանձնաժողովի՝ առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմի կատարելագործումը կարող է ներառել կասեցման նոր հիմքեր՝ հաշվի առնելով նոր ռիսկերը, ավելի արդյունավետ և ճկուն ընթացակարգերը, մոնիտորինգի ու հաշվետվողականության ուժեղացումը։
Նշենք, որ Եվրահանձնաժողովը 2023 թվականի աշնանը կներկայացնի Եվրախորհրդարանի և Եվրամիության խորհրդի հետ քննարկումների հիման վրա պատրաստված օրենսդրական առաջարկը։
Ի դեպ, Եվրամիությունն առանց վիզայի ռեժիմ ունի 61 երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ։