Վրաստանի հասարակական կազմակերպությունները լրատվամիջոցների հետ սկսում են նոր քարոզարշավ՝ «Քայլ արա դեպի Եվրոպա»։
Արշավի շնորհանդեսին կազմակերպությունները համատեղ մանիֆեստ են ընթերցել՝ ընդգծելով վրաց ժողովրդի եվրաինտեգրման ձգտումները:
«Մեր հայրենիքի համար պատմական փուլ է սկսում: Մի քանի շաբաթից կորոշվի, թե ինչ է սպասվում մեզ և մեր երեխաներին: Այսօր ժամանակն է, երբ մենք՝ այս երկրի ներկա բոլոր սերունդները, անկախ նրանից, թե որքան հիասթափված և հոգնած լինենք, պետք է որոշենք՝ արդյոք ցանկանում ենք, որ Վրաստանը, նրա ժողովուրդը, նրա հին մշակույթը և զարգացման նրա անխոնջ ձգտումը նոր թափ ստանան՝ շարունակելով ընտրած ուղին:
Մեր նախկին սերունդներ կատարել են այս ընտրությունը՝ մեզ թողնելով պետությունը պաշտպանելու, զարգացնելու հանձնառությունը»,- ասել են մասնակիցները։
Ըստ նրանց՝ արժանապատվությունն ու ազատությունը վրացիների կենսակերպն են, և վրաց ժողովուրդն է ընտրում Վրաստանի եվրոպական ապագան։
Կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով, այսօր վրաց ժողովուրդը հստակ ընտրում է եվրոպական ուղին, քանի որ Վրաստանը ազատ մարդկանց ազատ երկիր է․ ընտրություն չկա «պետության և հայրենիքի», «ազատության և անվտանգության միջև»:
«Այսօր վրաց ժողովուրդը միանշանակ և հստակ ընտրում է եվրոպական ուղին, որպեսզի երաշխավորի, որ խոսքի ազատությունն անձեռնմխելի է և պաշտպանված, ոչ ոք չի հետապնդվում կարծիք արտահայտելու համար, իսկ գրաքննությունը կամ լրատվամիջոցների վրա ճնշումը չի պատժվում օրենքով։ Այսօր վրաց ժողովուրդը միանշանակ և հստակ ընտրում է եվրոպական ճանապարհը… »,- ասված է մանիֆեստում, որն ընթերցել են քարոզարշավի շնորհանդեսին մասնակցող կողմերը:
Նշենք, որ հունիսի առաջին կեսին Եվրահանձնաժողովը կարծիք կներկայացնի Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ, որի հիման վրա ավելի ուշ որոշում կկայացվի Եվրոպական խորհրդի կողմից։
Կարդացեք նաև՝